«Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային կին աստղերի հնգյակը` ըստ ոճաբան Արայիկ Գաբաջյանի: Այժմ արդեն կանդրադառնանք այն հայ տղամարդ աստղերին, որոնք տարիների ընթացքում կերտել են իրենց ոճը` ընդգծելով անհատականությունը, որոնք չեն խուսափում հետաքրքիր, համարձակ լուծումներից եւ վստահում են մասնագետներին: Արայիկի խոսքով` տղամարդ հայ աստղերն այնքան էլ հակված չեն ռիսկի դիմելու եւ ուշադրություն գրավելու. «Այդ առումով աչքի է ընկնում Անդրեն. գուցե պատճառն այն է, որ նա առաջինը ոճային ակնհայտ փոփոխությունների դիմեց: Բայց, օրինակ, Հայկոյին, բացի սեւ ու սպիտակից, այլ գույնի կոստյումով չես տեսնի. սա, թերեւս, միտված է ավելորդ ուշադրություն չգրավելուն»,-կարծիք հայտնեց նա: Ա. Գաբաջյանի մյուս դիտարկումները ներկայացնում ենք ստորեւ:
5-րդ հորիզոնական` Արամ MP3
Ամենակարեւորն այն է, որ Արամն ունի իր ոճը: Եթե նրա դեմքը տեսանելի չլինի, նայողն, այնուամենայնիվ, կկռահի, թե ով է իր առջեւ կանգնած: Երգիչն աչքի է ընկնում իր ակցենտավորված պիջակներով, որոնց վրա սովորական բրոշ չես տեսնի: Ուղղակի Արամը պետք է իր ոճը դարձնի այցեքարտային, որպեսզի այն լինի եզակի, որը հնարավոր չէ շփոթել, ինչպես համաշխարհային աստղերից մի քանիսինը, օրինակ` Մայքլ Ջեքսոնինը:
4-րդ հորիզոնական` Էրիկ
Գուցե ոմանք կարծում են, որ Էրիկի կարճ հասակն իրեն խանգարում է, բայց իրականում հակառակն է` շնորհիվ հագուստի գրագետ ընտրության: Նա շատ ճիշտ է ընտրում պիջակի չափը, տաբատի նեղությունը, կոշիկները, որոնք միշտ կոռեկտ են, հավաք. արդյունքում ավելի բարձրահասակ է երեւում: Էրիկի դեպքում հագուստի ընտրության հարցում ակնհայտ է գունային փոփոխությունների դիմելու, տարբեր աքսեսուարներ օգտագործելու միտումը: Նա առանձնանում է նաեւ իր սանրվածքով: Բայց ես կցանկանայի այդ առումով փոփոխություն տեսնել, որովհետեւ որքան հիշում եմ՝ Էրիկի սանրվածքը նույն չափի է, ունի թաց էֆեկտ: Հետաքրքիր կլիներ երգչին տեսնել կարճ սանրվածքով:
3-րդ հորիզոնական`Հրաչ Մուրադյան
Կես կատակ-կես լուրջ, նա իր «ֆիշկան» է դարձրել ամառ թե ձմեռ գուլպա չհագնելու հանգամանքը: Սա կոշիկը ներկայացնելու հետաքրքիր ձեւ է: Հիշում եմ նաեւ, որ տարիներ առաջ մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ Հրաչը կրել էր կոշիկից կտրուկ տարբերվող գույնի նասկի. սա եւս յուրահատուկ ակցենտավորում էր: Հրաչը պարբերաբար օգտագործում է նաեւ կրծքի ոճային բրոշներ:
2-րդ հորիզոնականը կիսում են Միհրան Ծառուկյանն ու Նարեկ Բավեյանը
Միհրանը վերջին շրջանում թերանում է, բայց ես հիշում եմ, որ տարիներ առաջ տեսահոլովակներից մեկի շրջանակում աշխատելիս նա չէր խուսափում վստահել ոճաբանին: Հիշում եմ, որ նա տեսահոլովակում կրում էր ծաղկավոր թեւքերով բլուզ` Դիանա Շատվերյանի հավաքածուից: Դա այն ժամանակների համար ռիսկային քայլ էր, որին, սակայն, Միհրանն անմիջապես համաձայնեց: Չեմ կարող չնշել նաեւ Նարեկ Բավեյանի անունը, ով այն եզակի աստղերից է, որը գիտի, թե ինչ հագնի առօրյայում եւ ինչ` բեմում: Նա մեքենայում միշտ ունի բեմական հագուստ, հստակ գիտի, թե որն է իր ոճը: Եթե Նարեկը նույնիսկ ջինսով լինի եւ բլուզով, կարող է հետաքրքիր մի պիջակի միջոցով բեմական կերպարն ամբողջական դարձնել:
1-ին հորիզոնական` Ավետ Բարսեղյան
Միգուցե Ավետի` ոճային լինելու պատճառն այն է, որ նա ստիպված է հաճախ երեւալ եթերում: Գլխարկների, շարֆերի ու ծխամորճի միջոցով հաղորդավարը ստեղծել է ինտելեկտուալ մի կերպար, որն իր դեպքում տեղին է: Միայն թե Ավետի ոճում մի լուքի մեջ մի քանի ֆակտուրաների, կտորների միախառնում կա: Եթե ես նրա հետ աշխատելու լինեի, խորհուրդ կտայի, օրինակ, պիջակների գույները փոխել, բայց տաբատը թողնել միագույն, կամ հակառակը: Ավետը շատ է ակցենտավորում նաեւ նախշերը. նրա փոխարեն նախշը նախշի հետ ավելի քիչ կհամադրեի:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԱՍՈՒՄ ԵՆ` ԻԲՐ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ ՍԻՐԱԾ ԿԻՆ ԵՄ»
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան, ով նկարահանվել է նաեւ մի շարք ֆիլմերում եւ սերիալներում, հեռուստադիտողներին կներկայանա նորովի: Շուտով կմեկնարկի «Հրեշների գայլը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, եւ, ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Դինան, կերպարային իր գիծը զգալի զարգացում կապրի:
Քանի որ Դինան այն հեռուստադեմքերից է, որի կողքով տարիները, կարծես, պարզապես անցնում են, հետաքրքրվեցինք` արդյո՞ք վերջինս երիտասարդ մնալու որեւէ հատուկ գաղտնիք ունի. «Սիրում եմ լինել խնամված, կինը պետք է ցանկալի լինի յուրաքանչյուր տարիքում: Նախընտրում եմ դիմել ոճափոխությունների: Բայց մի բան ակնհայտ է` մարդիկ, որոնց հոգին մաքուր է, միշտ էլ երիտասարդ են մնում թե՛ արտաքինից, թե՛ ներքինից»,-մեկնաբանեց հաղորդավարուհին: Մենք նաեւ հարցրինք` անձնական կյանքում շրջադարձերի դիմելու ժամանակը չէ՞. «Ես միշտ ասել եմ, որ դստերս ամուսնությունից հետո կմտածեմ անձնականիս մասին, ու հիմա, անկեղծ ասած, սկսել եմ լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Այնուամենայնիվ, աշխատանքի բերումով անձնական «ճակատում» այժմ պասիվ վիճակ է, թեեւ երկրպագուների պակաս չունեմ»,-պատասխանեց Դինան:
Մեր զրուցակիցը պատկանում է այն հայտնիների թվին, որոնց անվան շուրջ հյուսվում են ամենաանհավանական ասեկոսեներն ու բամբասանքները: Դինային հարցրինք` ինչպես է վերաբերվում նման խոսակցություններին. «Նախկինում ամեն անիմաստ մեկնաբանության համար կարող էի սուգ «հայտարարել», բայց արդեն տեւական ժամանակ է` դրանք ինձ չեն հետաքրքրում: Ինչ վերաբերում է, օրինակ, սոցցանցերի մեկնաբանություններին, կարող եմ ասել, որ համակարգչի ետեւում շատերն առյուծ են, իսկ իրականում` կատու: Իհարկե, հասկանում եմ, որ մարդ չի կարող բոլորի կողմից սիրված լինել, միայն թե չեմ ընդունում անձնական վիրավորանքները. դրանք տարածողները ստոր տգետներ են: Իմ մասին լսած վերջին բամբասանքն այն է, թե իբր ես օրենքով գողի սիրած կին եմ, ու նա ինձ չի թողնում եթեր դուրս գալ կամ հանդիսավարություն անել: Կարո՞ղ եք ասել` ո՞ր գողի ընկերուհին է տաքսիներով շրջում կամ ապրում ծնողների հետ, որտեղի՞ց են տարածվում նման բամբասանքներ»,-եզրափակեց նա` հավելելով, որ հարգանքով է վերաբերվում իր գործունեությանը հետեւողներին, քանի որ վերջիններս իրեն թեւեր են տալիս:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԱԶՆԱՎՈՒՐՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան եւ շանսոնյե Շառլ Ազնավուրը պաշտպանում է Հայաստանում իր ժողովրդի կատարած ընտրությունը: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ով էլ ընտրվի իմ ժողովրդի կողմից, ես ընդունում եմ այդ ընտրությունը: Չեմ ցանկանում խոսել քաղաքական հարցերի մասին, բայց եթե այդ մարդն ընտրվել է իմ ժողովրդի կողմից, ուրեմն նա իմ նախագահն է»,¬ հայտարարել է Ազնավուրը: Նա նաեւ շեշտել է, որ չի սիրում մարդկանց, որոնք գնում են այլ երկիր ու քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը:
ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳՈՐԳ
Թուրքիայում վաճառքի է հանվել սեբաստացի հայ վարպետների ձեռագործ գորգ, որն ունի առնվազն 160 տարվա պատմություն: Այս մասին հայտնում է Tert.am-ը: Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում գորգի «տերը» հազվագյուտ գորգի համար պահանջում է մոտ 1000 ԱՄՆ դոլար: Գորգի գովազդում նա այն անվանել է «թագավորական»:
Բրդից պատրաստված եւ տորոն ներկաբույսի արմատից ստացված ներկով ներկված հազվագյուտ գորգի վրա առկա են հայկական նախշազարդեր եւ խաչաձեւ նշաններ:
Հայտնի է, որ Սեբաստիայում (այժմյան Թուրքիայի Սըվազի նահանգ) պատրաստված ու երկար ճանապարհ անցած գորգն այժմ գտնվում է Ստամբուլում, մասնավոր անձն այն ավելի վաղ գնել է հին իրերի խանութից` Արեւմտյան Հայաստանի տարածքում:
ՄԱՈ ՑԶԵԴՈՒՆԸ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
ՉԺՀ-ի նախկին նախագահ Մաո Ցզեդունի դիմանկարը Sotheby՚s¬ի` Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 մլն ամերիկյան դոլարով): Նկարի հեղինակն Էնդի Ուորհոլն է (1973թ.): Կազմակերպիչները նախատեսել էին դիմանկարի դիմաց ստանալ 11,6-ից մինչեւ 15,5 միլիոն ամերիկյան դոլար:
Հավելենք, որ կտավը ստեղծվել է ակրիլային ներկով եւ մետաքսատպության կիրառմամբ: