Լուսանկարն արվել է Արտաշատում
Արտաշատի թիվ 12/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը մանիկյուրը բերել էր ընտրատեղամաս, որպեսզի հարմարեցներ եւ ներկեր եղունգները. տանը ժամանակը չի բավականացրել:
ՀԱՐՑ. Ես ունեմ 3-րդ կարգի հաշմանդամություն եւ ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե հաշմանդամություն ունեցող անձինք թոշակի որ տեսակից կարող են օգտվել:
Ջեմմա Նաղդալյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ջ. Նաղդալյանի հարցին ի պտասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում են կենսաթոշակի հետեւյալ տեսակները.
1. աշխատանքային՝ 1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի.
2. զինվորական՝ 1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում.
3. սոցիալական՝ 1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն ունեցող անձանց համար այսօր մատչելի չեն տրանսպորտային միջոցները: Երեւանում նրանց սպասարկելու համար, պաշտոնական տեղեկատվության համաձայն, 25 միավոր հասարակական տրանսպորտ է գործում: Մինչդեռ 2011թ. Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացան, որ կզբաղվեն այդ հարցով, եւ Չինաստանից Հայաստան ներկրվելիք 66 ավտոբուսները մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մինչեւ հիմա, սակայն, Հայաստան ներկրված ավտոբուսները չեն հարմարեցվել նրանց համար:
Տեղեկացնենք, որ ինչպես ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայում, այնպես էլ «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում հստակ նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության եւ օգտագործման համար հարմարեցված չեն:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ծնունդը գրանցելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Լիդա Հարությունյան (27 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.
-գրավոր հայտարարություն
-ծնողների (ծնողներից մեկի) եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ
-երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր
-երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
-ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ
-ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ, կամ
-ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ՝ տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, կամ
-բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարություն՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից եւ երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: