ՀԻՇԵՆՔ ՈՒ ՀԱՐԳԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը դադարեց ապրիլյան քառօրյա պատերազմը, եւ հայկական ու ադրբեջանական կողմերը Մոսկվայում կրկին զինադադարի մասին փաստաթուղթ ստորագրեցին: Քառօրյա պատերազմը չավարտվեց կողմերից որեւէ մեկի հաղթանակով կամ պարտությամբ. երկու կողմն էլ տվեց զոհեր, վիրավորներ: Երկուսն էլ այս պատերազմից դուրս եկան տուժված, բայց եւ յուրաքանչյուրն իր կարծիքով հաղթանակած: Հատկապես հայկական կողմը, որն ապացուցեց՝ կարող է դիմագրավել հակառակորդի հարձակումներին անգամ, երբ կիրառվում է ամենավերջին զինտեխնիկան: Թեեւ կորցրինք, Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ, 800 հա «ամայի տարածք»:
Ապրիլյան այս պատերազմը մեկ տարի առաջ ամբողջությամբ ի ցույց դրեց մեր զինված ուժերի բոլոր բացերը: Եւ այսօր՝ մեկ տարի անց, կարելի է արձանագրել, որ շտկվել է միայն առաջնագծում տիրող իրավիճակը: Առաջնագիծը զինված է նորագույն տեխնիկաներով, գիշերային դիտարկման համար անհրաժեշտ սարքերով, եւ հակառակորդի ցանկացած տեղաշարժ կարելի է նկատել ու կանխել: Բայց, ցավոք, այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն այլ դասեր չքաղեցին. չդարձան ավելի ժողովրդավար, ընտրությունները թեեւ տեղամասերում չեն կեղծվում, բայց կեղծվում են այլկերպ. ընտրակաշառքով են ձայներ գնում՝ միաժամանակ գործադրելով ճնշումներ, վարչական ռեսուրս եւ մարդկանց քվեարկության վերահսկում, իսկ տնտեսության մասին ավելորդ է խոսել. նախորդ տարին փակեցինք ընդամենը կես տոկոս աճով:

 

 

 

Այս օրերին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից ամենատխուրը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանն է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սանամյանը բավական մեծ գումարներ է ծախսել՝ իրենց մարզում ընտրություններին առավելագույն ձայներ ստանալու համար, սակայն ստացել է ակնկալածի կեսը: Նա հաշվարկել էր, որ պետք է Կոտայքի մարզում իրեն նվազագույնը 26 հազար հոգի ընտրի: Ըստ խոսակցությունների՝ այդ նպատակով ծախսել է ավելի քան 260 մլն դրամ՝ միայն որպես ընտրակաշառքը: Սակայն քվեարկության արդյունքում ստացել է դրա կեսը՝ 12 հազար 645 քվե: Ասել է, թե Կոտայքի մարզում բնակչությունը պարզապես քցել է Սանամյանին եւ վերցնելով գումարը՝ ընտրել ուրիշի: Մեկնաբանությունների համար երեկ զանգահարեցինք նրան, սակայն մեր թերթի անունը լսելուն պես Սանամյանը մեկ նախադասություն ասաց. «Գնացե՛ք, Սասուն Միքայելյանին շնորհավորե՛ք», ու անջատեց հեռախոսը: Իհարկե, շնորհավորեցինք Միքայելյանին, բայց ինչ փոխվեց Սանամյանի կյանքում, անհայտ մնաց:

 

 

 
ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Նրանց դեմ ցուցմունք տվող անձի ինքնությունը ԱԱԾ-ն դեռ գաղտնի է պահում: Ինչ վերաբերում է այս գործով գաղտնալսումներին, որոնք ըստ էության հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց, ապա այնտեղ էլ կոնկրետ փաստեր չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Սակայն քննիչներն ասել են, թե իրենք ենթադրում են, որ ինչ խոսել են՝ հենց հրթիռի մասին է:

 

 

 
Հետընտրական գնաճն այս անգամ իրեն երկար սպասեցնել չտվեց: Ընտրություններից հետո արդեն նկատվում են մի շարք ապրանքատեսակների թանկացում: Օրինակ՝ բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը: Հիշեցնենք՝ բանանի միակ ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը: Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարներն ու տրված ընտրակաշառքը: Շարունակվում է նաեւ բենզինի թանկացումը. բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամ՝ նախկին 330-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամ՝ 350-ի փոխարեն, սուպեր տեսակինը՝ 420 դրամ՝ 400-ի փոխարեն: Թանկացել է նաեւ դիզելային վառելիքը՝ 350 դառնալով 360 դրամ: Բայց թանկացումները միայն այսքանով չեն սահմանափակվի, պարզապես գնաճի հիմնական ալիքը սպասվում է մայիսին՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո. չէ՞ որ այդ ժամանակ էլ ընտրակաշառք է բաժանվելու, ծախս է արվելու, եւ հետո գալու է գումարները ետ հավաքելու պահը:

 

 

 
ԳՈՐԾԱՐՔԻ ՏԱԿ
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկն էլ, թերեւս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի չանցնելն էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ «Հայ ազգային կոնգրեսն», այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտի ամենաարմատական դիրքորոշում ունեցող ուժն էր, որի ներկայացուցիչները անցած հինգ տարիներին Աժ-ում հանդես են եկել իշխանության ամենաառարկայական քննադատությամբ, որը ամենահետեւողական պայքարը տարավ սահմանադրական հանրաքվեի գործընթացում եւ որը, ի վերջո, ներդրեց առավելագույն ջանքերը ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում: ՀԱԿ-ի չանցնելը առավել մեծ անակնկալ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, այսպես կոչված, խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության գաղափարախոսության առաջ քաշման պարագայում:
Տեր-Պետրոսյանի այդ օրակարգը դիտվեց որպես գլոբալ գործարքի առաջարկություն, որը, շատ փորձագետների համոզմամբ, սիրով ընդունվեց Սերժ Սարգսյանի կողմից: Գինն էլ, ըստ այդ պնդումների, պետք է լիներ ԱԺ անցնելու 7 տոկոսանոց շեմի հաղթահարումը: Իսկ տրամաբանությունը հետեւյալն էր. Սերժ Սարգսյանն առաջիկայում միջազգային դիտորդների ճնշումների ներքո ստիպված է լինելու գնալ տարածքային զիջումների, եւ խաղաղության թեզը առաջ տանող ուժի ներկայությունն Ազգային Ժողովում նրա համար խիստ կարեւոր է, որպեսզի հարկ եղած դեպքում այդ ուժը ոչ միայն հանրային տրամադրություններ ձեւավորի, այլեւ նրանց ֆոնին ինքը կարողանա որոշակի շրջանակների մոտ ներկայանալ որպես անզիջողականության մարմնավորում:
Ապրիլի 2-ի արդյունքները, սակայն, ցույց տվեցին, որ այդ վերլուծությունները իրականությանը չէին համապատասխանում: Համենայն դեպս, փաստն այն է, որ ՀԱԿ-ը չի լինի խորհրդարանում: Իսկ դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի խաղաղության գաղափարախոսության խաղարկումը Սերժ Սարգսյանին պետք էր ոչ թե Ազգային ժողովում՝ երկարաժամկետ հեռանկարում, այլ հենց այն չափով, որ չափով որ նա խաղարկեց: Կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանն իր խաղաղության գաղափարախոսությամբ եւ ընտրություններում ստացած չափազանց քիչ քվեներով կատարեց նույն դերը, ինչ «Սասնա ծռերը»՝ ՊՊԾ գնդի գրավմամբ:
Ինչպե՞ս: Շատ պարզ: Եթե «Սասնա ծռերի» ընդվզմամբ Սերժ Սարգսյանը կարողացավ դրսի ճնշումներին հակադարձել՝ ցույց տալով, թե ինչպիսի քաոս կարող է սկսվել երկրում, եթե ինքը գնա տարածքային զիջումների, եւ դա, ինչ էլ ասվի, աշխատեց, ապա Տեր-Պետրոսյանի խաղաղության գաղափարախոսությանը տրված 1,65 տոկոս քվեներով Սերժ Սարգսյանը նոր հնարավորություն ստացավ դրսին ասելու՝ տեսե՛ք, անգամ ամենաընդդիմադիր եւ մեծ հեղինակություն ունեցող առաջնորդի շուրթերից իմ ժողովրդի միայն 1,65 տոկոսն է պատրաստ ընդունել տարածքների զիջումը, հետեւաբար այս պահին դա երկիրը կտանի ցնցումների:




Լրահոս