ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎՈՒՄ Է՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ՔՉԵՐՆ ԵՆ ՏԵՐՆ ԻՐԵՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀԿ-ն նոր խորհրդարանում կունենա 55, «Ծառուկյան» դաշինքը 30, «Ելք» դաշինքը 9, իսկ ՀՅԴ-ն 7 մանդատ: Թե, ի վերջո, կոնկրետ ովքեր կլինեն այդքան բաղձալի մանդատի տերերը, առայժմ պարզ չէ, քանի որ քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված են բազմաթիվ պետական պաշտոնյաներ, որոնք, հնարավոր է, չցանկանան հրաժարվել իրենց պաշտոններից՝ հանուն մանդատների, եւ այդպիսով նրանց մանդատները բաժին հասնեն ցուցակների հաջորդ համարներին:

Այդպիսի պաշտոնյաներ կան ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ ցուցակներում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանցից պարզել, թե ինչ որոշում են կայացրել եւ որտեղ են տեսնում իրենց հետագա ճակատագիրը՝ գործադիրում, խորհրդարանում, թե մեկ այլ կարգավիճակում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից որեւէ պատասխան ստանալ չհաջողվեց, նրա մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ընդամենն ասաց, որ դեռ որեւէ բան պարզ չէ, եւ եթե նման որոշում լինի, համապատասխան կերպով կիրազեկեն այդ մասին: Իսկ ահա ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը, ով ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Կոտայքի ընտրատարածքում, իրեն ուղղված շնորհավորական խոսքը լսելուց հետո վրա բերեց. «Գնացե՛ք, Սասուն Միքայելյանին շնորհավորե՛ք», եւ անմիջապես անջատեց հեռախոսը՝ չպարզաբանելով՝ կլինի խորհրդարանո՞ւմ, թե՞ կմնա որպես վարչապետի խորհրդական: Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրեց, որ եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, անպայման լինելու է խորհրդարանում: Մյուս պաշտոնյաների հետ զրուցը ներկայացնում ենք ստորեւ:

Արփինե Հովհաննիսյան, ՀՀ արդարադատության նախարար
-Տիկի՛ն Հովհաննիսյան, Դուք ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում եք. որոշել եք Ձեր կարիերան շարունակել խորհրդարանու՞մ, թե՞, այնուամենայնիվ, ինքնաբացարկ կներկայացնեք եւ կմնաք նախարարի պաշտոնում:
-Առաջարկում եմ սպասել մինչեւ սահմանված ժամկետի ավարտը:

Արծվիկ Մինասյան, ՀՀ բնապահպանության նախարար
-Պարո՛ն Մինասյան, կշարունակե՞ք մնալ ՀՀ բնապահապանության նախարար, թե՞ հնարավոր է՝ գնաք խորհրդարան:
-Այս չափազանց կարեւոր ոլորտում կա ե՛ւ ցանկություն, ե՛ւ պատրաստակամություն շարունակելու սկսած աշխատանքը:

Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
-Պարո՛ն Ցոլակյան, հնարավո՞ր է՝ ինքնաբացարկ հայտնեք եւ մնաք Ձեր պաշտոնին, թե՞…
-Այս հարցին պատասխանելը ես հիմա ավելորդ եմ համարում, որովհետեւ չեմ կարող պատասխանել…չունեմ այդպիսի մտադրություն:
-Այսինքն՝ կշարունակեք գործել օրենսդիրո՞ւմ:
-Այո՛, ուզում եմ գնալ ազգային ժողով:

Արման Սահակյան, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ
-Պարո՛ն Սահակյան, Ձեր ընտրատարածքում առաջատարը Դուք եք եղել, այսինքն՝ կարող եք նաեւ դառնալ ԱԺ պատգամավոր, բայց Ձեր պաշտոնը թողնելուց հետո: Ի՞նչ որոշում եք կայացրել:
-Կխոսեմ, թող մի հատ վերջնական արդյունքները ամփոփվեն, ավարտվեն, կխոսենք:
-Ինչո՞ւ: Դեռեւս հստակեցված չէ՞՝ կմնաք Ձեր պաշտոնում, թե՞ կլինեք խորհրդարանում:
-Ես Ձեր հարցերին կպատասխանեմ երկու օրից: Մինչեւ ԿԸՀ-ն վերջնական արդյունքները չամփոփի, ոչինչ ես չեմ կարող վերջնական ասել: Թող ամփոփվի, հաստատվի վերջնական, նոր դրա մասին կխոսենք:

Դավիթ Լոքյան, ՀՀ տարածքային կառավարման նախարար
-Պարո՛ն Լոքյան, եթե շարունակվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցությունը, կմնա՞ք Ձեր պաշտոնում, թե՞ նախընտրում եք լինել օրենսդիրում:
-Դա որոշում է կուսակցությունը:
-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, դա էլ պետք է հաշվի առնեն, չէ՞, Դուք ինչպե՞ս եք ցանկանում:
-Ես հիմա չունեմ այդ հարցի պատասխանը, որ Ձեզ ասեմ:

Վահե Հակոբյան, ՀՀ Սյունիքի մարզպետ
-Պարո՛ն Հակոբյան, հնարավո՞ր է՝ թողնեք Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ տեղափոխվեք խորհրդարան:
-Ես մեկնաբանություններ չեմ տալու, երբ որ ժամանակը կգա, Դուք ամեն ինչ կիմանաք:

 

 

 
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Դեռեւս ԱԺ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խորհրդարանական ընտրություններին մասնակցել չհաջողվեց, թեեւ համագործակցության նախնական համաձայնություն ձեռք էր բերվել «Ծառուկյան» դաշինքի հետ: «Ժողովուրդ»-ը Սարգսյանի հետ զրուցել է նրա ապագայի եւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասին:

-Տիկի՛ն Սարգսյան, Ձեզ չհաջողվեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց, այնուամենայնիվ, որպես դեռեւս գործող պատգամավոր՝ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը եւ արդյունքը:
-Անկախ նրանից, թե մենք ինչ մոտեցում ունենք ընտրարշավի նկատմամբ կամ ընտրությունների բուն օրվա վերաբերյալ, կարող ենք միանշանակ ասել, որ ժողովուրդն իր ընտրությունը կատարեց, եւ ընտրատեղամասերում լցոնումներ, կարուսել չի եղել: Դա դրական կարելի է գնահատել: Բայց ընտրությունների ամբողջ ընթացքը, նախընտրական ընթացքը բավականին խնդրահարույց էր, ըստ էության իշխող քաղաքական ուժի հետ մրցակցելը ռեսուրսների եւ ֆինանսների առումով ուղղակի անհնարին էր: Ինձ համար ուրախալի է, որ որոշ քաղաքական ուժեր անցան ԱԺ, գաղափարական ընտրողների միջոցով, ես կարծում եմ, որ մոտավորապես 300 հազար քաղաքացի զերծ է մնացել ճնշումներից եւ կարողացել է ազատ ընտրություն կատարել: Ես դա դրական եմ գնահատում:
-Խորհրդարան անցած ո՞ր քաղաքական ուժի համար եք ավելի ուրախ:
-Ես պիտի ասեմ, որ վստահ էի՝ «Ծառուկյան» դաշինքը պիտի անցնի, եւ շատ ուրախ եմ, որ «Ելք» դաշինքն է անցել, որովհետեւ ես կարծում եմ՝ «Ելք» դաշինքն արմատական ընդդիմություն է, եւ ԱԺ-ում շատ կարեւոր է արմատական ընդդիմության դերը, խոստումնալից է նաեւ կազմը՝ երիտասարդ, բավականին բանիմաց: Այնպես որ, ես ողջունում եմ «Ելք»-ի մուտքը: Նաեւ շատ ուրախ եմ, որ «Ծառուկյան» դաշինքը կարողացավ երկրորդ քաղաքական ուժը դառնալ:
-Երբ Ձեզ չհաջողվեց համագործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ, տեղեկություններ եղան, որ նեղացել եք եւ ցանկություն չունեք որեւէ շփում ունենալ այլեւս: Կա՞ նեղացվածություն:
-Ո՛չ, ո՛չ, ես այդ տեսակը չեմ: Այո՛, ինչ-որ բան այնպես չստացվեց, ինչ-որ, ասենք, նախնական պայմանավորվածությունը կար, բայց ես չգիտեմ, թե այնտեղ ինչ պրոցեսներ են գնացել, եւ ինչի արդյունքում, ըստ էության, իմ ներկայությունն այնտեղ անհնարին դարձավ: Դե, կյանք է, քաղաքական պրոցեսներ են, ամեն ինչ հնարավոր է, բայց ես շարունակում եմ համակրել «Ծառուկյան» դաշինքի իմ գործընկերներին, որոնց հետ ես իրոք ճանապարհ եմ անցել: Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմությունից հատկապես «Ելք»-ը մտավ:
-Լավ, իսկ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել ապագայում:
-Առայժմ պիտի ասեմ, որ ակտիվ հանգստի մեջ եմ, զբաղվում եմ կուսակցական գործերով, հանդիպում եմ քաղաքական գործիչների հետ եւ չեմ բացառում մասնակցությունս ավագանու ընտրություններին:
-Կոնկրետ ո՞ր ուժի հետ եք պատրաստվում մասնակցել:
-Դա արդեն տեսանելի կլինի մի քանի օր հետո, բանակցություններ են գնում:
-Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ խոսքը կա՛մ «Ծառուկյան» դաշինքի, կա՛մ «Ելք»-ի մասին է:
-Դե, ճիշտ եք մտածում, շարունակեք այդպես մտածել, այդպես կլինի: Ես որեւէ մեկի դեմ բան չունեմ, որ քաղաքական ուժերը հաղթահարել են շեմը եւ մտել են ԱԺ, բոլորին արդյունավետ աշխատանք եմ մաղթում: Այնպես որ, որեւէ նախանձի եւ նեղացվածության դրսեւորում ինձ մոտ չկա, դա է իմ տարբերակը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԸՆԴԴԵՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ դատական հայցերը շարունակվում են: Բանն այն է, որ 2017թ. մարտի 23-ին քաղաքացի Սիրվարդ Սիրեկանյանը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ «Հայասի գրուպ»-ից պահանջում է մեկ միլիոն դրամ: Չի բացառվում, որ Ս. Սիրեկանյանը ընկերության աշխատող լինի, եւ նրա գումարի պահանջը կապված է աշխատավարձի հետ: Նկատենք, որ Սիրեկանյանը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Ա. Բաղդասարյանին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, սակայն դատավոր Մանուկ Մարգարյանը մերժել է միջնորդությունը: Նշենք, որ սա միակ դատական հայցը չէ «Հայասի գրուպ»-ի դեմ. Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը՝ Միխայել Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունն էլ շուրջ 2,5 միլիոն դրամի համար էր դիմել դատարան, եւ գործով քննությունը դեռեւս շարունակվում է:

 

 

ՀԱՑԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
ՀՀ-ում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է, ընդ որում՝ մեծ թափով: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 2.3 տոկոսով: Այսպես՝ այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 47 հազար 134 տոննա հաց, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրված հացը կազմել է 46 հազար 47 տոննա: Ըստ մասնագետների՝ հացի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է բնակչության թվաքանակի շարունակական նվազմամբ:

 

 

ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆԸ
ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ դեսպանն ունի երեք բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք եւ մեկ ավտոտնակ: Նա ունի մեկ «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Դեսպանը հայտարարագրել է, որ ունի 21 մլն 250 հազար դրամի բաժնետոմս, 80 հազար եվրոյի, 1000 դրամի եւ 256 հազար 325 դրամի բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դեսպանի ունեցած փոխառությունը կազմել է 1 մլն 200 հազար դոլար: Նա 8 մլն դրամը գերազանցող իրեր է հայտարարագրել: Ըստ այդմ, նա ունի ձեռքի ժամացույցների, նկարների եւ թանկարժեք քարերի հավաքածուներ: Տողանյանի դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 48 մլն ռուսական ռուբլի, 4.9 մլն դոլար եւ 1500 ֆունտ ստեռլինգ: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատանքի վարձատրությունը, որը կազմել է 150 հազար ռուբլի, եւ վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 4800 դոլար: Հիշեցնենք, որ Տողանյանի անունը կապված է պանամյան օֆշորային սկանդալի հետ. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման Տողանյանը եւս իր անվամբ օֆշորային գոտում ունի ընկերություններ:




Լրահոս