«ԻԳԼԱ»-Ի ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Բանն այն է, որ մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում:

Ինչպես հայտնի է՝ մարտի 22-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով: Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի /ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով/ եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով /խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով/ հարուցվել է քրեական գործ: Կատարված քննչական գործողությունների արդյունքում հրթիռը Հայաստան տեղափոխելու մասով մինչ օրս կալանավորված է 4 անձ` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ եւս երկու հոգի, որոնց անունները նախաքննություն իրականացնող մարմինը գաղտնի է պահում: Ինչպես գրել էինք՝ ԱԱԾ-ի համար վերոնշյալ անձանց կալանավորման համար հիմք են դարձել հեռախոսային խոսակցությունները, որոնց ընթացքում վերջիններս խոսել են «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի մասին, սակայն Սամվել Բաբայանը եւ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
«Ժողովուրդ»-ին այս գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել: Իրենքը՝ Սամվել Բաբայանը եւ իր մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, որեւէ մեկի դեմ ցուցմունք չեն տվել, իսկ նրանց դեմ ցուցմունք տվող անձը այլ մարդ է, որի անունը ԱԱԾ-ն դեռեւս գաղտնի է պահում:
Ինչեւէ: Անդրադառնանք այս գործով գաղտնալսումներին, որոնք, ըստ էության, հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախաքննություն իրականացնող մարմինը գործով կալանավորվածներին է ներկայացրել հեռախոսային ձայնագրությունների գաղտնալսումները, որպեսզի ցույց տա, թե ով ինչ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ ներկայացված ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Կալանավորվածները քննիչներին ասել են, թե ոչ մի զենքի, առավել եւս՝ «Իգլայի» մասին խոսակցություն չկա, սակայն ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթն իրականացնող մարմնի քննիչները ասել են, թե իրենք ենթադրում են, որ այն, ինչ խոսել են, կապված է հրթիռի հետ: Ստացվում է, որ իրավապահները ներկայացրել են այնպիսի ձայնագրություն, որտեղ անգամ խոսք չի գնացել զենքի մասին, եւ գործով անցնող անձանց կալանավորել են ենթադրությունների հիման վրա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտնեց, որ մարտի 24-ից մինչ օրս իր պաշտպանյալի մասով որեւէ քննչական գործողություն չի իրականացվել:
Ավելին՝ պաշտպանից տեղեկացանք, որ նա ապրիլի 3-ին գնացել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ եւ հանդիպել իր պաշտպանյալի հետ.«Սանասար Բաղդասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն վերջինս խոսք է ուղղել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից, որը անպայման կցանկանայի փոխանցել. «Ավելի քան 20 տարի կռվել եմ հայրենիքի համար, լինելով փոխգնդապետ՝ պայքարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, եւ շատ ցավալի է, որ այսօր իմ անձի հետ կապված մեղադրանքներ են հնչեցնում, թե ես պայթուցիկ սարք եմ բերել եւ ցանկացել եմ այդ սարքով պայթեցնել երկրի նախագահի ինքնաթիռը կամ պետությանը վնաս տալ: Շատ վիրավորական է, որ իմ հասցեին նման հայտարարություններ են արվում, ինքս ինձ երբեք նման բան թույլ չէի տա եւ անգամ մտքովս չէի կարող նման բան անցկացնել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԾԵԾԻ ՎԵՐՋԸ
«Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանի ծեծի գործը եւս ունեցավ իր տրամաբանական վերջաբանը: Ասել է, թե պատգամավորին ծեծեցին, իսկ վերջում էլ համարեցին, որ կատարվածում հանցակազմ չկա:
Մարտի 17-ին՝ ուշ գիշերին, Աջափնյակում ծեծի էր ենթարկվել թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը): Ըստ հրապարակումների` պատգամավորին ծեծի ենթարկողը եղել էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխավորած խումբը՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ: Միջադեպը սկսել էր նրանից, որ Ա. Սահակյանի համար նախկինում աշխատած անձանցից մեկն այս ընտրություններին որոշել էր աջակցել Վ. Կարապետյանին, եւ երկու ուժերի միջեւ խոսակցությունները այն աստիճան էին թեժացել, որ բանը հասել էր ծեծի: Հրապարակումից անմիջապես հետո երկու քաղաքական ուժերի գրասենյակները ժամանակ չկորցրին եւ մեկնաբանեցին կատարվածը: Ըստ ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի մամուլի ծառայության` տեղի ունեցածը աղերս չունի քաղաքական գործընթացների եւ գալիք ընտրությունների հետ. «Տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի մոտակայքում»: Իսկ ահա ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը կատարվածը հաշվեհարդար էր համարել: Այս գործը հասավ ոստիկանություն, որտեղ միջադեպի հետ կապված սկսեցին իրականացնել ստուգողական գործողություններ: Դրանց շրջանակում Վ. Կարապետյանին ոստիկանության աշխատողներն անձամբ ուղեկցեցին ոստիկանության Մաշտոցի բաժին եւ վերջինս մոտ 5 ժամ այնտեղ մնալուց հետո իրավապահներին ասաց, թե քթի շրջանում ստացած վնասվածքը առաջացել է վայր ընկնելու արդյունքում:
Այս ամենից հետո պարզ էր, թե ինչ հանգուցալուծում է սպասվում միջադեպի իրավական ընթացքին: Եվ ահա երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ քր. դատ. օր. 35 հոդ. 1-ին մասի 2-րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժելու մասին, այն է` քրգործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրգործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: Ահա այսպես մանդատը մոռացնել է տալիս ամեն ինչ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

900 ԿՐԱԿՈՑ
Ապրիլի 3-ին եւ լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

 

 

ԿԴԻՏԱՐԿԵՆ
Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:

 

 
ԿՀՐԱԺԱՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքից Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով ընտրված Արգամ Աբրահամյանը վերցնելու է պատգամավորության մանդատը: «Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով եւ բարձ պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում»,- հայտարարել է նա: Այդպիսով՝ նա կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից:

 

 

ՕՐՕ-Ն ԴԻՄԵԼ Է ԿԸՀ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնումներ, թե ոչ: «2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության թիվը՝ 1 մլն 574 հազար 947, լուրջ կասկած է առաջացրել հանրության շրջանում: Ստացվել են բազմաթիվ ահազանգեր առ այն, որ տեղի են ունեցել հին, հնամաշ, վերակազմված եւ ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ: Մեր ունեցած տեղեկություններով՝ կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեեւ փաստացի շուրջ 1500 տեղամասերում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է նաեւ առցանց տեսահեռարձակում: Այսպիսով՝ ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձեւավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում»:

 

 

ՆՈՒՅՆԱԲՈՎԱՆԴԱԿ
Միջնորդների աջակցության շնորհիվ Բաքուն եւ Երեւանը զգալիորեն մոտեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները, կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են: Այդ մասին գրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Բաքվի աշխատավոր» թերթում հրապարակված հոդվածում, որը նվիրված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Անկեղծորեն շահագրգռված ենք, որ տարածաշրջան վերադառնա խաղաղությունն ու անդորրը, որպեսզի այնտեղ այլեւս մարդիկ չզոհվեն, բացվեն սահմանները, վերսկսվեն տնտեսական փոխանակումները: Դրա համար անում ենք հնարավոր ամեն բան»,- գրել է Լավրովը:

 

 

ՀԱՏՈՒԿՆԵՐՈՎ
2017թ. ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992թ. Ալմա-Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին: Նիստին մասնակցել է ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը՝ գերատեսչության տնօրեն Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ: XIV նիստին մասնակցել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը եւ ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` 2017թ. ԱԺ ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Համոզված եմ՝ այդ ընտրությունները եւ ձեւավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետեւողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հայոց անկախ պետականության ամրապնդմանը»:




Լրահոս