ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼՈՒ ՓՇՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան ընտրական այս թոհուբոհի մեջ խիստ աննկատ մնաց համաշխարհային նշանակության կարեւորագույն իրադարձություններից մեկը: Խոսքը վերաբերում է նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի կողմից 2007թ. ընդունված Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառմանը, որով Միացյալ Թագավորությունը սկսեց ԵՄ-ն լքելու գործընթացը:

Մարտի 29-ին Մեյը բրիտանական պառլամենտում հայտարարեց, որ հաշվի առնելով քաղաքացիների ժողովրդավարական կամքը, ինչպես նաեւ խորհրդարանի հստակ կեցվածքը հանրաքվեի որոշման իրագործման հարցում` Բրյուսելում ՄԹ-ի մշտական ներկայացուցիչը ԵՄ նախագահին էր հանձնել ԵՄ-ն լքելու մասին պաշտոնական դիմումը: Պահը որակելով պատմական` վարչապետը հայտարարեց, որ ՄԹ-ը վճռական է իր մոտեցումներում եւ պատասխանատվություն է վերցնում՝ ճիշտ օգտագործելով հարմար առիթը ուժեղ Բրիտանիա ստեղծելու համար: Վճռականության մասին գեղեցիկ խոսքերով հանդերձ` Միացյալ Թագավորությունը լուրջ խնդիրների առաջ է բախվելու, ինչը բրիտանացի գրեթե ամբողջ ակադեմիական ու վերլուծական շրջանակների կարծիքով պետության տնտեսության վրա կարող է ծանր անդրադառնալ: Այսպես՝ նախ հատուկ ուշադրության է արժանանում ԵՄ-ից «ամուսնալուծության» գինը, որ կազմում է 63 միլիարդ եվրո: Խնդիրն այն է, որ ԵՄ-ի անդամ երկրները ընդհանուր բյուջեից վճարում են ինֆրաստրուկտուրաների զարգացման, սոցիալական ծրագրերի, գիտական հետազոտությունների, աշխատավարձերի եւ այլ բնագավառների ծախսերը միասնաբար: Ներկայիս բյուջեն նախատեսված է մինչեւ 2020թ. համար, եւ ահա ԵՄ հանձնաժողովի նախագահ Յունկերի պարզաբանմամբ՝ ՄԹ-ը պարտավոր է կատարել իր հանձնառությունն այս ուղղությամբ: Թեպետ ՄԹ-ի ղեկավարությունը չի հրաժարվում իր պարտավորությունների կատարումից, սակայն պնդում է վերոնշյալ գումարի սակարկության վրա: Եվրոպայում ակնկալում են, որ ֆինանսական փոխհատուցման հարցը լինելու է օրակարգի ամենալուրջ խնդիրը:
Կարգավորման կարոտ հարցերից մեկն էլ առնչվում է միգրացիային: ԵՄ-ի գործող օրենքներով Միացյալ Թագավորության քաղաքացիներն ազատորեն կարող են ապրել միության անդամ 28 երկրներից ցանկացածում: Եվ, իհարկե, վերջիններիս քաղաքացիներն էլ կարող են առանց խնդրի հանգրվանել ՄԹ-ում: Սակայն այս գործընթացի վերջնարդյունքում 4 միլիոն քաղաքացիներ կկանգնեն լրջագույն խնդրի առաջ, քանզի մոտ 3 միլիոն եվրոպացիներ ապրում են ՄԹ-ում, իսկ 1.2 միլիոն բրիտանացիներ` ԵՄ-ի երկրներում: Ենթադրաբար հատուկ համաձայնագրով կկարգավորվի այս մարդկանց խնդիրը, սակայն բազմաթիվ բրիտանացիներ մինչ այս հասցրել էին ձեռք բերել իռլանդական անձնագրեր` պահպանելու համար եվրոպական արտոնությունները: Լրջագույն դերակատարություն ունի նաեւ առեւտրի ու մաքսերի հարցը, քանզի ԵՄ-ն թույլ էր տալիս ՄԹ-ին ազատորեն վաճառել իր ապրանքները մայրցամաքում: Վերլուծաբանները պնդում են, որ սա մանր խնդիր չէ` հաշվի առնելով փաստը, որ թագավորության թիվ 1 տնտեսական գործընկերը ԵՄ-ն է` 44 տոկոս արտահանմամբ եւ 53 տոկոս ներկրմամբ: Մեյը հայտնել էր, որ ձգտելու է այս հարցում նպաստավոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Վարչապետի առաջադրանքն այնքան էլ դյուրին չէ, քանզի ԵՄ-ն այլեւս շահագրգռված չի լինելու բրիտանական ապրանքները անմաքս թույլատրելու հարցում: Հասկանալով, որ ՄԹ-ի համար առեւտրի հարցը հանգուցային է, ԵՄ պաշտոնյաները անթաքույց ներքաշվել են սակարկությունների հորձանուտը` պնդելով, որ այդ հարցը չի քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն մնացած բոլոր խնդիրները: ՄԹ վարչապետի պատասխանը չի ուշացել` ավելի լավ է ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի, քան թե վատ պայմանագրով:
Այս շարքում պետք է դիտարկել նաեւ մեքենաարտադրության, ավիաընկերությունների ու ֆինանասկան ծառայությունների հարցերը, որտեղ միլիոնավոր աշխատատեղեր են բացվել մեծ մասամբ ԵՄ երկրների հետ գործակցության արդյունքում եւ ազատ հասանելիության վերացումը գուցե թե արժենա բազմաթիվ աշխատատեղերի փակում եւ միլիարդավոր եվրոներ: ՄԹ-ը այդուհետ ստիպված է լինելու ինքնուրույնաբար գործել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների շրջանակներում, ինչը ներկրվող մեքենաների համար մեծ մաքսեր է սահմանում: Այս հարցում Մեյի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի՝ լավ պայմաններ պոկելու համար, հակառակ դեպքում բրիտանական մեքենաարտադրությունը կհայտնվի մրցակցայնության վտանգի ներքո: Իսկ ավիափոխադրումներն այսօր տեղի են ունենում «Բաց երկնքի» համաձայնագրով: Հատկանշական է, որ 2018թ. կեսին արդեն այս ոլորտի հարցերը պետք է վերջնականապես լուծված լինեն, որպեսզի ավիաընկերությունները կարողանան կանխավ սահմանել իրենց թռիչքացուցակը: Հետեւապես այս հարցում էլ ՄԹ-ը ժամանակային սահմանափակումների առաջ է կանգնել:
Վերջապես, Միացյալ Թագավորությանը ապառնում է նաեւ ներքին բաժանման խնդիրը: Կրկին գլուխ է բարձրացնում Շոտլանդիայի անկախության հարցը, քանզի նախորդ հանրաքվեի ժամանակ ՄԹ-ի կազմում մնալու որոշումը էականորեն պայմանավորված էր ԵՄ-ի կազմում մնալու հանգամանքով: Իսկ ԵՄ-ն լքելու հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակչությունը մեծամասնությամբ դեմ էր քվեարկել: Այդ իսկ պատճառով նոր հանրաքվեն անխուսափելիորեն հանգելու է Շոտլանդիայի անկախությանը: Արդ, տնտեսական դժվարությունների, ֆինանսական կորուստների եւ երկրի սահմանային մասնատման գնով Միացյալ Թագավորությունը լքում է Եվրոպական Միությունը: Ակնհայտորեն պետության քաղաքական ընտրանին դեմ էր սույն որոշմանը, սակայն անկարող եղավ ի կատար չածել բրիտանացիների 52 տոկոսի կամքը: Ի դեպ, հանրաքվեն պարտադիր իրավազորություն չուներ, սակայն բրիտանական ընտրախավը նույնիսկ նման ազատություն ունենալով հանդերձ՝ գիտակցեց, որ պարտավոր է հաշվի նստել ժողովրդի ցանկությունների հետ, որքան էլ սխալական լինեն դրանք:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՂԲԱՆՈՑԻ

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու այցելու զբոսաշրջիկները իրենց բնական կարիքները հոգալու համար ստիպված են երկար քայլել՝ հասնելու համար եկեղեցու հարեւանությամբ գտնվող այգին կամ կանգառը: Բանն այն է, որ եկեղեցու հարեւանությամբ գտնվող 170 հազար դոլար արժողությամբ թանկարժեք բիոզուգարանը չի աշխատում: Ավելին՝ այն վերածվել է աղբանոցի:

Նշենք, որ դեռեւս 2012 թվականին Հայաստան բերված, «Տաթեւեր» ճոպանուղու մոտ տեղադրված թանկարժեք բիոզուգարաններից մեկը չաշխատելու արդյունքում անհետացավ գյուղից: Իսկ թե որտեղ է այն հիմա, դեռեւս հայտնի չէ: Առաջին անգամը չէ, որ պաշտոնապես մոտ 35 տոկոս աղքատություն արձանագրած ՀՀ իշխանություններն այն մեղմելու փոխարեն անիմաստ շռայլություններ են իրենց թույլ տալիս:
Հիշեցնենեք, որ այս անարդյունավետ ծախսը կատարվել է 2012 թվականին՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, ի դեմս Ներսես Երիցյանի, պետական բյուջեի հաշվին 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար) արժողությամբ 2 հատ բիոզուգարան էր ձեռք բերել, որոնք այդպես էլ չաշխատեցին:
Թեեւ գնումը մատուցվեց որպես տուրիզմը զարգացնելու անհրաժեշտություն, որի համար պետբյուջեից վատնվեցին ահռելի թվով գումարներ, սակայն այդպես էլ անսարք բիոզուգարաններով զբոսաշրջությունը զարգացնել չհաջողվեց: Իսկ Տիգրան Սարգսյանը մինչ օրս պատասխանատվություն չի կրել պետբյուջեի գումարները մսխելու համար:

Ս. Հ.

 

 

 
«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ելք» դաշինքը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը.
1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, եւ «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:
2. Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական եւ ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ կան բազաթիվ ահազանգեր:
3. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն եւ ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ:
4. Ընտրակաշառքների բաժանման եւ վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ, եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
5. «Ելք» դաշինքը խորհրդարանական գործունեության ընթացքում եւ ընդհանրապես միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինի երեւույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետեւողական եւ սկզբունքային պայքար է մղելու այդ երեւույթների դեմ:
6. «Ելք» դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց եւ դիտորդներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով եւ գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը եւ ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
7. «Ելք» դաշինքը իրեն համարում է իր օգտին քվեարկած ավելի քան 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը եւ խոսելու է նրանց անունից: «Ելք» դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության:

 

 

842 ՀԱԶԱՐ ԵՐԵՎԱՆՑԻ
ՀՀ ԿԸՀ տեղեկացմամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 9-ը, ժամը 18:00-ն, սակայն երեկվա դրությամբ որեւէ քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթեր չի ներկայացրել: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին եւ կավարտվի մայիսի 12-ին:




Լրահոս