ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում որոշ ապրանքատեսակների գները շարունակում են բարձրանալ: Ըստ մասնագետների՝ այսօրվա թանկացումները կապված են նախընտրական եւ հետընտրական գործընթացների հետ:

Նշենք, որ թանկացող ապրանքատեսակներից են բենզինն ու դիզելային վառելիքը, որոնց գինը ոչ միայն նախընտրական, այլեւ հետընտրական շրջանում է բարձրանում: ՀՀ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը արդեն վաճառվում է 380 դրամով, պրեմիում տեսակի բենզինը՝ 400 դրամով, սուպեր տեսակինը՝ 420 դրամով: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին բենզինի սպառման գինը 350 դրամից իջավ՝ դառնալով 330 դրամ: Ապա այս տարվա հունվարի 27-ից այն կրկին թանկացավ. ռեգուլյար տեսակի բենզինի գինը 330 դրամից բարձրացավ 10 դրամով, փետրվարի 10-ին՝ եւս 20 դրամով: Արդյունքում ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի գինը բարձրացավ 50 դրամով՝ կազմելով 380 դրամ: Ի դեպ, նկատենք, որ թանկացել է նաեւ դիզելային վառելիքը. այն 350 դրամից դարձել է 360 դրամ: Սրան զուգահեռ նշենք, որ արդեն գյուղատնտեսական տարին մեկնարկել է, իսկ գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելիքը խիստ անհրաժեշտ է՝ վարուցանք անելու նպատակով:
Բացի բենզինից՝ վերջին շրջանում թանկացել է նաեւ բանանը: Ինչպես հայտնի է՝ բանանի միակ ներկրողը Հայաստանում «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամեն ինչ մոնոպոլացված է, եւ մրցակցային դաշտի բացակայությունը հաճախ բերում է գների կամայական փոփոխության: Սակայն բանանի թանկացման դեպքում արդեն հասկանալի է, որ գործել է նախընտրական շրջանում նշված թեկնածուի կողմից ծախսված ֆինանսական ռեսուրսները հետ վերադարձնելու մղումը: Առհասարակ, քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցությանն աջակցող օլիգարխները, որոնք մեծաքանակ ծախսեր են արել, այդ կորուստները այժմ փորձում են գնաճի տեսքով հետ վերադարձնել: Բացի այդ՝ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններից հետո Հայաստանում երկար ժամանակ ընտրություններ չեն լինելու (2018 թվականին նախագահին ընտրելու է խորհրդարանը), եւ եթե դրանք ինչ-որ չափով համարվում են թանկացումները զսպող գործոն, ապա այդ գործոնն առաջիկա մի քանի տարիներին չի լինի, ուստի կարող ենք նոր թանկացումների սպասել:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տնտեսագետներ Վարդան Բոստանջյանից եւ Արտակ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ինչ հետեւանքներ կթողնեն Հայաստանի տնտեսության վրա: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հավաստիացրեց, որ դրանք թեեւ փոքր, բայց, այնուամենայնիվ, դրական նշանակություն կունենան մեր երկրի հետագա զարգացման համար: «Ընտրական քարոզարշավներին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը, նաեւ իշխանական, բարձրացնում էին հրատապ, առաջնահերթ խնդիրներ, որոնք ծանրացած են մեր երկրի առաջ: Եւ խորհրդարան մտնող 4 քաղաքական ուժերը այդ խնդիրները պետք է դնեն իրենց օրակարգում»,- նկատեց Բոստանջյանը:
Իսկ «Ժողովուրդ»-ի մյուս զրուցակիցը՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանը, կանխատեսեց, որ ՀՀ-ի տնտեսությունն աճելու, զարգանալու է, ինչը պայմանավորված չէ ընտրական գործընթացներով. «Նախընտրական շրջանում աննախադեպ մեծ գումարներ ներարկվեցին տնտեսության մեջ, որը մի փոքր ավելի կարագացնի աճը, բայց որպեսզի այդ միտումը ավելի երկարաժամկետ լինի, պետք է նախ գործ ունենանք քաղաքականության փոփոխության հետ. որքանով կկարողանան խոշոր բիզնեսը բերել հարկման դաշտ, այդքանով էլ պայմանավորված կլինեն տնտեսության մեջ դրական փոփոխությունները»,- նշեց Մանուկյանը:
«Ժողովուրդ»-ը տնտեսագետների հետ զրուցեց նաեւ հետընտրական շրջանում արձանագրված եւ արձանագրվող թանկացումների մասին: Սակայն Վարդան Բոստանջյանը, լսելով հարցը, անմիջապես հայտարարեց, որ նման գործընթաց կա ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: «Այսպես կոչված ռեսուրսները, որոնք գնացել են այդ նպատակի համար, դրանք պետք է վերականգնվեն: Իսկ դա հնարավոր է հիմնականում գների բարձրացման ճանապարհով: Նման միտում կա»,- պարզաբանեց տնտեսագետը:
Արտակ Մանուկյանը եւս նորմալ համարեց ծախսված ռեսուրսները հետ վերադարձնելու միտումը. «Իհարկե, ընտրությունների նպատակով որոշակի գումարներ ծախսվել են, եւ ընդհանրապես ոչ մի բան անվճար չի լինում: Չէ՞ որ ձրի պանիրն է միայն թակարդում լինում: Իմ կարծիքով՝ պետք է լինեին գնանկման միտումներ՝ պայմանավորված գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմամբ: Հիմա, սակայն, ակնհայտ է, որ մենք գրանցելու ենք գնաճ»:
Հ.Գ. Իսկ ահա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից թանկացումների հետ կապված հայտնեցին, որ գերիշխող առեւտրի ցանցերում կատարված մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են: Ավելին՝ առկա է որոշակի փոփոխություն նվազման ուղղությամբ՝ մասնավորապես բուսական յուղի որոշ տեսակների, ձավարեղենի, կաթնամթերքի մասով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՄԱՀՃԱԿԱԼ ՉԿԱ

Լոռու մարզի Դեբետ գյուղը 850 բնակիչ ունի, որոնց հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղի հիմնախնդիրների շարքում առաջնայիններից են անբարեկարգ ճանապարհներն ու խմելու ջրագծի բացակայությունը: Գյուղը խմելու ջրի ներքին ցանց չունի, ջուրը գյուղ է բերվում սարից, որն ըստ Դեբետի գյուղապետ Նորիկ Քոչարյանի՝ այդքան էլ լավ որակի չէ:

Խնդիրների մեջ պակաս կարեւոր չեն նաեւ մանկապարտեզի շենքային անբարեկարգ պայմանները: Որպես մանկապարտեզ ծառայող շինությունը ժամանակին կառուցվել է իբրեւ ուսուցիչների հանրակացարան. «Մանկապարտեզի նախ դռներն ու պատուհաններն են ենթակա փոխման, ամառ, ձմեռ քամին շենքի մեջ է, խաղասենյակը փոքր է, մռայլ է, վերանորոգման կարիք ունի շենքը»,-ասաց գյուղապետը:
Ներկայումս 26 երեխա է հաճախում մանկապարտեզ: Գյուղապետի խոսքով՝ եթե նոր շենք կառուցվի կամ գոնե սա նորոգվի, երեխաների թիվը մի քանի անգամ կավելանա: Մանկապարտեզում անգամ մահճակալներ ու գույք չկա, ինչի արդյունքում երեխաներին չեն քնեցնում, իսկ ընդունելությունն էլ կատարվում է 4 տարեկանից բարձր երեխաների համար:
Համայնքապետի խոսքով՝ մանկապարտեզի շենքային վատ պայմանների մասին բազմիցս է բարձրաձայնվել բոլոր պետական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին, սակայն ապարդյուն:
Ի դեպ, գյուղ այցելող պատգամավորի թեկնածուների մոտ եւս բարձրաձայնվում է մանկապարտեզի հարցը, սակայն ինչպես բնակիչներն են նկատում՝ նախընտրական շրջանում բոլորը միայն խոստանում են, սակայն որեւէ թեկնածու կամ պաշտոնյա ռեալ քայլ չի կատարում՝ դեբետցի երեխաների համար բարեկարգ, լուսավոր ու կահավորված մանկապարտեզ ապահովելու համար:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 
ԽՈՍՏԱՑԱԾ ՁԱՅՆԵՐԸ ՉԱՊԱՀՈՎԵՑԻՆ
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ լրատվական մի շարք կայքեր, վկայակոչելով Տավուշի մարզում կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները, հայտնում էին, որ սահմանամերձ մարզում ԱԺ պատգամավոր ընտրվելու ամենամեծ հնավորություններն ունի «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող, Նոյեմբերյան քաղաքի 33-ամյա բնակիչ Վարուժան Բաբաջանյանը, ով այդ հարցման համաձայն՝ ուներ ընտրվելու 14 տոկոս հնարավորություն: Հարցման տվյալներով` 2-րդ տեղում, 11 տոկոս ձայնով «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն, Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՀԿ տարածքային թեկնածու Գրիգոր Ավալյանն էր, 3-րդ տեղում 8 տոկոս վարկանիշով «Երեւան գարեջուր» ՓԲԸ համասեփականատեր, 2007-2017թթ. Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «ժողովուրդ»-ը գրել էր, որ այդ տվյալները արժանահավատ չեն, եւ դա պարզ կդառնա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում Տավուշի մարզում 17 հազար 113 ձայնով ԱԺ պատգամավոր է դարձել Գրիգոր Ավալյանը: ՀՀԿ տարածքային թեկնածու Հակոբ Հակոբյանն իր 8090 ձայնով Աժ պատգամավոր չի դարձել: 5274 ձայնով խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Իջեւան քաղաքի 32-ամյա բնակիչ, «Հայանտառ» ՓԲԸ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն, ՀՅԴ Տավուշի մարզի տարածքային թեկնածու Սուրեն Մանուկյանը: Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից Տավուշի մարզում տարածքային թեկնածուներ Վարուժան Բաբաջանյանը, որն ըստ վերոհիշյալ սոցիոլոգիական հարցումի, Տավուշի մարզում պետք է ամենաշատ ձայները հավաքեր, ստացել է 5016 ձայն: Մեր տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Վ. Բաբաջանյանը եւ Տավուշի մարզից «Ծառուկյան» դաշինքի տարածքային մյուս թեկնածուները Գագիկ Ծառուկյանի մոտ երաշխավորել են, որ հազարավոր ձայներ են ապահովելու, սակայն իրենց խոստացածի կիսով չափ են միայն կարողացել ձայն բերել դաշինքին: Սա, մեր տեղեկություններով, առաջացրել է ֆինանսական մեծ ռեսուրսներ ծախսած Գ. Ծառուկյանի զայրույթը: Թե ինչպես այն կդրսեւորվի, առայժմ հայտնի չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄԵՏՐՈՅՈՎ Է ԳՆԱՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել: Նահանգապետն այս կերպ որոշել է աջակցել պետերբուրգցիներին, ովքեր վախենում են մետրոյով երթեւեկել: Առավոտյան ժամը 8-ին նա մետրոյի «Չկալովսկայա» կայարանից գնացել է մինչեւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարան, որտեղ ծաղիկներ է դրել հանպատրաստից հուշարձանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետերբուրգի մետրոն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը: Ավելացնենք, որ նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաեւ այլ վարկածներ:




Լրահոս