Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հրադադարի հաստատման օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ըստ այդմ, Ադրբեջանը տապալում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ «Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ, ԼՂՀ-ն Ադրբեջանին մեղադրել է թշնամանքի քաղաքականությունը խորացնելու մեջ: «Հետեւողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը եւ ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը»։ Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ-ն բարձր մակարդակով ահազանգում է պատերազմի վերսկսման վտանգի մասին եւ ակնարկում, որ հենց հակամարտության մյուս կողմն է խուսափում խաղաղության եւ հաշտության գնալուց: Հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանի ակտիվությունը՝ այս հայտարարությունը պատահական չէ: Կարելի է ենթադրել, որ ԼՂՀ-ն ակնարկում է հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին՝ ասելով, թե հակառակորդն է դրանից խուսափողը, ավելին՝ թշնամանքը խորացնողը:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Որքան ուժեղ լինի հայկական բանակը, այնքան պատերազմի հավանականությունը քիչ կլինի: Եթե թշնամին հասկանա, որ մենք կործանարար հարվածներ ենք նրան հասցնելու, հաշվի առնելով նրա բնավարությունը՝ նա չի դիմի այլ քայլերի: Նրանք 2016թ. ապրիլի 2-ին սխալ հաշվարկ էին կատարել եւ ստացել են այնպիսի հարված, որ մինչեւ այժմ չեն համարձակվում հրապարակել իրենց կորուստների ճիշտ պատկերը: Նրանք կրել են ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական մեծ կորուստներ»,- ասաց նա:
ԱԺ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ ՄԻՊ-ը հրապարակեց 2016թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը՝ ուղարկելով այն խորհրդարան: Ընտրական թոհուբոհի մեջ մոռացվեց օմբուդսմենի զեկույցը: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրելով Արման Թաթոյանի կազմած փաստաթուղթը՝ նկատեց, որ այն ավելի շատ հիշեցնում է հայաստանյան եւ միջազգային օրենքների ծավալուն վերլուծություն, եւ այնտեղ մարդու իրավունքների խախտումների մասին ընդամենը զգույշ ակնարկներ են: Ամենախիստ գնահատականը տրված է 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, այն էլ՝ սա պարզապես ՄԻՊ նախորդ զեկույցներից մեջբերումներ անելու հետեւանքով: «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մարտի 1-ի զոհերի գործերով ընթացող նախաքննության շուրջ 8 տարվա տեւողությունը որեւէ օբյեկտիվ պատճառով կամ այլ հանգամանքներով չի հիմնավորվել ՀՔԾ կողմից: Այսպիսով՝ վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ ՀՔԾ-ն նաեւ 2016 թվականին էական քայլեր չի ձեռնարկել 2008 թվականի մարտի 1-ի տասը մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ զեկույցում:
Ամենայն հավանականությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի լինի նոր կառավարության կազմում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առթիվ որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է: Իսկ նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Դեռ մեկ ամիս եւ ավել ժամանակ կա, եւ ես չեմ կարող մեկնաբանել որեւէ տեղեկատվություն, երբ իրականում որոշում չկա»։ Մինչ այդ նշենք՝ քանի որ ՀՀԿ-ն պաշտոնական տվյալներով բացարձակ մեծամասնություն է կազմել ԱԺ ընտրություններում, հենց այս կուսակցությունն էլ կկազմավորի կառավարությունը, եւ վերստին վարչապետ կնշանակվի Կարեն Կարապետյանը: Հայտնի է նաեւ, որ ՀՀԿ-ն կշարունակի կոալիցիոն համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, իսկ թե քանի պորտֆել կտրվի ՀՅԴ-ին, ու, ընդհանրապես, ովքեր կլինեն նոր կառավարության կազմում, դեռ որոշված չէ:
«Ժողովուրդ»-ին մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած լուրերի համաձայն՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը` Գոռ Հարությունյանը: Սակայն իրավապահներն ամեն կերպ փորձում են գաղտնի պահել Արթուր Այվազյանի հետ միջադեպի մասնակից մյուս տղաների անունները՝ հենց Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի գործոնի շնորհիվ: «Ժողովուրդ» օրաթերթը Սյունիքի մարզի դատախազից փորձեց պարզել, թե արդյո՞ք իր ազգականը՝ Գոռ Հարությունյանը, նշված օրը եղել է Մանախի հետ: «Հասկացանք, որ Գոռն իմ ազգականն է, բայց ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ: Եթե այլ հարցեր ունեք, դիմեք դատախազության հանրային կապերի բաժին»,- ասաց նա:
ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԻ
Այս օրերին պարտութուն կրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, տարբեր փորձագետներ եւ վերլուծաբաններ շտապում են մեղադրել իրենց քվեն վաճառած ժողովրդին, հայտարարում են, թե այս ընտրություններն ընթացան ընտրակաշառքի շուրջ ազգային համաձայնության պայմաններում, թե նման իրավիճակում անհնար է որեւէ քաղաքական պայքար եւ այլն:
Ինչ խոսք՝ այն, որ ապրիլի 2-ի ընտրություններում ընտրակաշառքը եղել է ամենաորոշիչ գործոնը, դժվար է չընդունել: Սակայն այդ երբ է Հայաստանում եղել, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չբաժանվի, եւ մեր պարտված քաղաքական ուժերն էլ վերստին ծախվող ժողովրդին չմեղադրեն իրենց ձախողման մեջ: Նման բան երբեւէ չի եղել: Այս անգամ, սակայն, իրավիճակը տարբերվում էր ընտրակաշառքների մասշտաբայնությամբ եւ այն համընդհանուր համերաշխության մթնոլորտով, որն առկա էր այս քստմնելի գործընթացի երկու կողմերի միջեւ:
Այս անգամ այնպիսի տպավորություն էր, որ մեր հասարակությունը՝ հիվանդ, իմունիտետը կորցրած օրգանիզմի նման, այլեւս չի ջերմում, չի փորձում դիմադրել, այլ հանդարտ տրվում է հիվանդության ընթացին: Իրականում ժողովրդին ծախված անվանող քաղաքական առաջնորդները նախ պետք է իրենց հարց տան՝ իսկ արդյոք հենց իրենք չեն այս ամենի մեղավորները: Ի վերջո, այդ նույն ժողովուրդը մեկ անգամ չէ, որ մերժելով իրեն կաշառելու փորձերը՝ դուրս է եկել պայքարի հանուն այն ընդդիմադիր առաջնորդի, որին հավատացել է եւ այդ ընթացքում ոչ միայն ծեծվել է, ձերբակալվել, այլեւ անգամ գնդակահարվել է:
96 թվականի սեպտեմբերի 26-ին, սակայն, ընդվզման ամենակուլմինացիոն պահին Վազգեն Մանուկյանի գտնվելու վայրը ժողովրդի համար այդպես էլ անհայտ մնաց: Դրանից հետո՝ 2004թ. ապրիլի 12-ին, երբ Բաղրամյան պողոտայում՝ դարձյալ Աժ պարիսպների մոտ, այդ նույն անկաշառ ժողովուրդը ծեծվում էր հանուն Ստեփան Դեմիրճյանի, ընդդիմադիր առաջնորդի մոտ թեյ խմելու անհագ ցանկություն առաջացավ: 2008թ. մարտի 1-ին, երբ արդեն տեսանելի էր իրադարձությունների արյունալի ընթացքի վտանգը, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր սեւ դղյակից դուրս չեկավ: Դե, իսկ 2013թ ապրիլի 19-ին էլ մինչ այդ սեփական դիակի վրայով միայն Սերժ Սարգսյանի իշխանությունը հնարավոր համարող Րաֆֆի Հովհաննիսյանը, մարդկանց թողնելով Բաղրամյան պողոտայի մեջտեղում՝ ոստիկաններին դեմ-հանդիման, գնաց ոստիկանապետի հետ աղոթելու…
Եվ հիմա, արդյոք այսօր ընդդիմադիր այս առաջնորդներից կամ նրանց ներկայացրած ուժերից որեւէ մեկը իրավունք ունի ժողովրդին մեղադրել ծախված լինելու մեջ: Ի վերջո, մարդիկ այս տարիներին շատ հստակ տեսան, թե ինչպես են իրենց արյան ու պայքարի գնով մանդատների տեր դարձածները իրենք ծախվում իշխանություններին: Եվ ուրեմն, ինչու չվերցնել իրենց բաժին ընտրակաշառքը՝ դրա հնարավորությունն այլեւս որեւէ ընդդիմադիր ուժի չպատվիրակելով: