ՆՐԱՆՑ ԱՊԱԳԱՆ ԴԵՌԵՎՍ ԱՆՈՐՈՇ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունները հատկապես մեծ հիասթափության առիթ դարձան ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այն թեկնածուների համար, որոնք մեծ ռեսուրսներ ներդնելով եւ բավականին պատկառելի թվով ձայներ հավաքելով՝ այդուհանդերձ, դուրս մնացին խորհրդարանից:

Շատերն այս օրերի ընթացքում հայտնել են իրենց դիրքորոշումն ու մտայնությունները. ի տարբերություն գործընկերների՝ լուռ էին դեռեւս ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Մնացական Մնացականյանը եւ Մուշեղ Պետոյանը, որոնց բախտ չվիճակվեց պահպանել իրենց մանդատը: Ինչո՞ւ չհաջողվեց հավաքել համապատասխան քվե եւ շարունակել գործել խորհրդարանում. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մնացական Մնացականյանի եւ Մուշեղ Պետոյանի հետ:

Մնացական Մնացականյան. ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում:
-Պարո՛ն Մնացականյան, ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում Ձեզ չհաջողվեց կրկին մուտք գործել խորհրդարան: Ինչո՞վ եք Դուք դա պայմանավորում եւ ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, տեսակետս այն է, որ ընտրություններ են, հիմա ավարտվել, վերջացել է, ոչ մի խնդիր չկա, կոնկրետ մեր տարածքում նորմալ է եղել ամեն ինչ:
-Այնուամենայնիվ, ո՞րն էր հիմնական պատճառը, որ Ձեզ չհաջողվեց ավելի շատ քվե հավաքել:
-Ոչ մի պատճառ չկա, բազմաթիվ՝ 60 թեկնածու կար, հիմա ամեն մեկը մեկին ընտրել է, ինչ խնդիր կա: Արածը, չարածը ընտրողնա գնահատում, արածները հո չպետք է հելնես, բարձրախոսով գոռաս՝ էս եմ արել, էն եմ արել…
-Արդյունքներից նեղվա՞ծ, կոտրվա՞ծ չեք:
-Նորմալա ամեն ինչ, հիմա ստեղ ո՛չ գլուխ գովալու, ո՛չ էլ ինչ-որ նեղվելու խնդիր կա, ոչ մի թեմա չկա:
-Իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչով պետք է զբաղվեք առաջիկայում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան:
-Դե, ինչով որ կզբաղվեմ, կզբաղվեմ, առաջիկայում կերեւա:
-Կմնա՞ք քաղաքականության մեջ:
-Իհարկե:
-Հնարավո՞ր է՝ առաջիկայում Ձեզ որեւէ պաշտոնում տեսնենք:
-Դե, այդ պաշտոնի անցնել-չանցնելը ես չեմ որոշում, երբ որ որոշվի, այն ժամանակ կմտածենք:
-Չի եղե՞լ նման պայմանավորվածություն, կամ չկա՞ն այդպիսի խոսակցություններ:
-Ոչ մի խոսակցություն չկա, ընտրությունները նոր են վերջացել, ինչ խոսակցություն պետք է լինի:

Մուշեղ Պետոյան. ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Շիրակի մարզում:
-Պարո՛ն Պետոյան, Ձեզ հաջողվեց հավաքել 8799 ձայն, բայց չհաջողվեց մուտք գործել խորհրդարան: Հիասթափվա՞ծ չեք:
-Ոչինչ, ինչ անենք, բացարձակապես մտահոգված չեմ, ամեն ինչ շատ լավ է, կարեւորը ժողովուրդն իմ աշխատանքը գնահատել է, էս կարգի նոր ընտրությունների մեջ այսքան ձայն հավաքել Արթիկի նախկին վարչական շրջանով, ես դա շատ բարձր եմ գնահատում:
-Շիրակի մարզը միայն այդ տարածաշրջանով չի սահմանափակվում: Իսկ մյուս ընտատեղամասե՞րը:
-Դե, աշխատել եմ միայն Արթիկի նախկին վարչական շրջանում, այդ տարածքն է ինձ ճանաչում, այդ տարածքն էլ ինձ իր գնահատականը տվեց:
-Չե՞ք փոշմանել դրա համար, գուցե մյուս տարածքներում էլ քարոզարշավ անցկացնեիք եւ հաջողվեր ավելի շատ քվե ստանալ:
-Ո՛չ, դե, էս տարածքն է ինձ ճանաչում, այս տարածքի ընտրողներն են ինձ լավ ճանաչում, իրենք էլ իրենց գնահատականը ինձ տվին, ես շատ շնորհակալ եմ եւ շատ գոհ ինձ ընտրողներից եւ չընտրողներից:
-Նեղվա՞ծ չեք, որ սա էլ արդեն երկրորդ անգամ է՝ չեք կարողանում հաջողության հասնել:
-Ո՛չ, ո՛չ, ինչի մասին է խոսքը, ժողովուրդը այդքան ձայն է տվել ինձ, 40-50 թեկնածուի մեջ այդքան ձայն եմ հավաքել եւ ես էլ գերնպատակ չունեի Ազգային ժողովում լինելու, այսքանն ինձ համար արդեն շատ գոհացուցիչ է, եւ ես ինձ շատ լավ եմ զգում:
-Իսկ եթե ընտրություններին մասնակցեիք «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, հնարավոր է՝ ավելի շատ ձայն հավաքեիք:
-Չեմ կարող ասել… ո՛չ, այս պահի դրությամբ մեր տարածաշրջանի ժողովուրդն ընտրել է Մուշեղ Պետոյանին եւ ոչ թե կուսակցություն: Բացարձակապես ոչ ոք չի ընտրել բարգավաճ Մուշեղ Պետոյանին, թե՛ անկուսակցական Պետոյանին, թե՛ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով Մուշեղ Պետոյանին, ընտրել են Մուշեղ Պետոյանին:
-Առաջիկայում հնարավո՞ր է Ձեզ որեւէ պաշտոնում տեսնենք:
-Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել, բայց ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ նախքան զրույցը՝ Պետոյանը նշում էր, որ միջոցառման է եւ չի կարող հարցերին պատասխանել, սակայն մեր համառ պնդումներից հետո նա որոշեց խոսել: Իսկ արդեն ուշ երեկոյան պարզ դարձավ, թե ինչ միջոցառման էր մասնակցում Պետոյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ պատգամավորը հինգհարյուրհոգանոց խնջույք էր կազմակերպել եւ տոնում էր իրեն խոստացված մարզպետի պաշտոնը:

 

 

 

 
ՇՈԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ «ԵԼՔ»-ԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՒ ՓՈՐՁԵՐՈՎ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ եւ հիասթափված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները վերջապես որոշեցին կոտրել քար լռությունը եւ զրուցել լրագրողների հետ: Երեկ ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարեց ընտրությունների արդյունքներին, խորհրդարան անցած քաղաքական ուժերին, ինչպես նաեւ իրենց դաշինքի ապագային:

Մարտիրոսյանը մասնավորապես հայտարարեց, թե ընտրություններն անցկացրել են երեք հոգի՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Միքայել Մինասյանը /վերջինս Վատիկանում ՀՀ դեսպանն է եւ Սերժ Սարգսյանի փեսան/: «Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ Միքայել Մինասյանի ուղղորդմամբ սեւ քարոզչություն է իրականացվել իրենց դեմ, եւ տեղեկատվություն կա, որ նա խորհրդարան մուտք գործած դաշինքներից մեկի թիկունքում է կանգնած եղել: Ինչպես պարզաբանեց Մարտիրոսյանը, խոսքը «Ելք» դաշինքի մասին է: Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Ժառանգության» փոխնախագահի դիրքորոշումը հասկանալի է, բայց ահա Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի մասին նրա հայտարարությունները բավականին տարակուսելի են: Հիշեցնենք, որ այդ հայտարարություններն անում է մի կուսակցության փոխնախագահ, ով մինչեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմելը, հայտարարում էր, որ համագործակցության տարբերակ է քննարկում նաեւ «Ելք» դաշինքի հետ: Փաստորեն «Ժառանգությունն» ի՞նքն էր ցանկանում համագործակցել Միքայել Մինասյանի հետ՝ բանակցելով իբր նրա հովանավորած դաշինքի հետ:
Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա այստեղ էլ հարցերը շատ են: Ի վերջո, ընդամենը երեք տարի առաջ «Ժառանգություն»-ը սերտորեն համագործակցում էր Գագիկ Ծառուկյանի հետ՝ «քառյակի», ապա «եռյակի» շրջանակներում, իսկ այս խորհրդարանական ընտրություններից առաջ էլ նույն Արմեն Մարտիրոսյանի միջոցով ակտիվ բանակցություններ էր վարում ընտրություններին միասին մասնակցելու հնարավորության շուրջ: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այդ համագործակցությունը չի կայացել, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը պայման է դրել, որ այդ դաշինքը չպետք է կոչվի «Ծառուկյան», եւ մերժում ստանալուց հետո ստիպված է եղել գնալ Օհանյանի դուռը:
Թեեւ առանձնապես զարմանալի չէ այդպիսի հայտարարություն լսելը մի կուսակցության կողմից, որի առաջնորդը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 7-ին «Ազատության» հրապարակում հայտարարում էր. «Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահը, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված քվեարկության: Եվ ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»: Չանցած երկու տարի՝ այդպիսի պետական հանցագործության մասնակցի գլխավորությանբ «Ժառանգություն»-ը մասնակցեց ընտրություններին: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Առավել եւս, որ անցած ժամանակը կարճ է, իսկ ժողովրդի հիշողությունը՝ ոչ:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐԸ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը սկսել է երաշխավորագրեր «բաշխել»՝ դեսպանություններ ներկայացնելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նման մի երաշխավորագիր Լոռու մարզպետը տվել է Վանաձորի «Ցալկուտ» համատիրության նախագահ Սիլվա Եթիմյանին: Բանն այն է, որ Եթիմյանը մտադիր է զբոսաշրջության նպատակով մեկնել Բելգիա: Սակայն նրան անհրաժեշտ է եղել դեսպանատուն ներկայացնել երաշխավորագիր, որն էլ տվել են ե՛ւ մարզպետը, ե՛ւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սիլվա Եթիմյանի հետ, որն ասաց. «Այո՛, մարզպետը տվել է, նույնիսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է երաշխավորագիր տվել: Բայց ես այստեղ եղբայր ունեմ, գերեզմաններ ունեմ, չեմ պատրաստվում որեւէ մեկին թողնել ու լքել երկիրը»:

 

 

ԱՄԵՆԱԱՎԱԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 27-ին: Ըստ Աժ կանոնակարգ օրենքի` առաջին նիստը վարելու է տարիքով ամենաավագ պատգամավորը: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ խորհրդարան անցած 105 պատգամավորների մեջ ամենաավագը ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող Արա Բաբլոյանն է: Նշենք, որ նա ծնվել է 1947 թվականի մայիսի 5-ին: Ու, փաստորեն, նրան էլ բախտ կվիճակվի ստանձնել 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացելու գործառույթը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Բաբլոյանն ասաց, որ դեռ որեւէ բան չգիտի. «Ես չգիտեմ՝ դեռ ով կլինի Ազգային ժողովում, երբ կիմանանք, այդ ժամանակ կխոսենք»: Նշենք, որ ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյանն ընդամենը մեկ տարով է փոքր Բաբլոյանից. նա ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին:

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԸ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության մասին խոսելիս ասել է, թե իրենք մեկ ընտանիք են, որի հայրը Սերժ Սարգսյանն է: «Հանրապետականը մեկ ընտանիք է, մեկ միասնական ընտանիք, որտեղ ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը մանդատով չի որոշվում… Մենք մի ընտանիք ենք, մի միասնական, բարեկամական ընտանիք ենք, որ ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան»,- «Ազատություն» ռ/կ եթերում ասել է նա: Ճիշտ եւ ճիշտ խորհրդային հին ու բարի ժամանակների նման, երբ Ստալինին համարում էին խորհրդային ժողովուրդների «մեծ ու իմաստուն հայր»: Հիմա նույն կերպ Ս. Սարգսյանն է դարձել ՀՀԿ-ի հայրը: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ս. Սարգսյանին ՀՀԿ-ում բոլորն են իրենց հայրը համարում: «Այն, որ մեր Հանրապետական կուսակցությունը մեկ ամբողջություն, մեկ մարմին է, դա ակնհայտ է, եւ նախագահ Սերժ Սարգսյանը մեր կուսակցության ղեկավարն է, մեր կուսակցության գլուխն է: Ես Սերժ Սարգսյանին ընդունում եմ որպես իմ ղեկավար, որպես կուսակցության ղեկավար, որպես հանրապետության ղեկավար եւ, իհարկե, մարդ, որը մեր հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն է, մեր պետության գլուխն է, մեր կուսակցության ղեկավարն է»:




Լրահոս