Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 07.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը մինչ օրս առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված՝ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:
Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:
Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 16 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր՝
11-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ),
3-ը ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի (քվեարկության գաղտնիությունը խախտելը),
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի (լրագրողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով 8 անձի մեղադրանք է առաջադրվել, չորս քրեական գործ 10.04.2017թ. դրությամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, մեկ քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն):
Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 807 հաղորդումներից 10.04.2017թ. դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 712-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:
Մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: