ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների թոհուբոհից դեռ ուշքի չեկած՝ քաղաքական ուժերին եւս մեկ ընտրապայքար է սպասվում: Մայիսի 14-ին տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրություններ, իսկ դրանց մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն մինչեւ ապրիլի ինը: Այսօրվա դրությամբ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմանը մնացել է երեք օր, սակայն որեւէ ուժ առայժմ դրանք չի ներկայացրել: Ըստ ամենայնի, այս անգամ եւս քաղաքական ուժերը փաստաթղթերը կներկայացնեն սահմանված վերջին օրը:

Ինչեւէ, այս պահի դրությամբ պարզ է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն եւ «Ելք» դաշինքը: Նման ցանկության մասին բարձրաձայնել է նաեւ Զարուհի Փոստանջյանը՝ թերեւս իր «Երկիր Ծիրանի» նախաձեռնության շրջանակներում: «Ելք» դաշինքը դեռեւս քննարկում է, թե ով կլինի իրենց ավագանու ցուցակը գլխավորողը, իսկ ՀՀԿ-ն կրկին առաջնահերթություն կտա ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է ապրիլի 21-ին, ավարտվելու է մայիսի 12-ին:
Այժմ ներկայացնենք, թե ինչպես են ընթանալու Երեւանի ավագանու ընտրությունները: Նշենք, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում, այս անգամ եւս քվեարկությունը կատարվելու է տեխնիկական սարքավորման միջոցով: Եթե ընտրողը ներկայացրել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մասնագետն ընտրողի ինքնությունը ստուգում է ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով եւ ներկայացված փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողը ներկայացրած լինի այլ մարդու անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը պետք է այդ մասին տեղեկացնի համապատասխան մարմիններին՝ այս դեպքում հանձնաժողովի նախագահին, վերջինս էլ՝ ոստիկանության ծառայողներին: Ընդգծենք, որ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար:
Եթե ընտրողի փաստաթղթի հետ ամեն ինչ նորմալ է, ապա պետք է լինի կանաչ ազդանշան, եւ ընտրողը հնարավորություն ունենա կատարելու հետագա քայլերը: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին պետք է հայտնվի դեղին նշան, իսկ եթե ընտրողն իր անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկության, ապա էկրանին հայտնվելու է կարմիր նշան: Այն դեպքում, երբ էկրանին հայտնվում է կանաչ նշան, ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը եւ այլ անհրաժեշտ տվյալներ: Այս քայլերից հետո ընտրողը հնարավորություն է ունենում կատարել հաջորդ քայլը եւ մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին, նրան փոխանցում իր կտրոնը, վերջինս էլ կնքում է այն եւ վերադարձնում ընտրողին: Հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է մեկ քվեաթերթիկ եւ քվեարկության մեկ ծրար: Նա պետք է նշում կատարի այն կուսակցության անվան դիմաց, որին կողմ է քվեարկում եւ քվեաթերթիկը տեղավորի ծրարում: Քվեարկելուց հետո ընտրողը պետք է մոտենա քվեատուփի մոտ նստած պատասխանատուին, հանձնի կտրոնը, վերջինս պետք է քվեաթերթիկի վրա փակցնի ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո նոր հնարավորություն կտրվի ծրարը գցել քվեատուփի մեջ:
Հաշվարկին մասնակցելու են այն քվեաթերթիկները, որոնք պարունակում են դրոշմանիշ: Քվեաթերթիկը համարվելու է անվավեր, եթե մեկից ավելի ուժի կամ թեկնածուի օգտին նշումներ է ներառում, պարունակում է ավելորդ գրառում, ակնհայտորեն խախտված է նշում կատարելու սահմանված ձեւը:
Նշենք, որ Երեւանի ավագանին պետք է բաղկացած լինի 65 անդամից, իսկ ընտրությունն էլ կատարվում է համամասնական ընտրակարգով: Ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի երեսուն տոկոսը: Քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են ուժերի անվանումները՝ ըստ այբբենական հերթականության, եւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ՝ նշում կատարելու համար:
Ավագանու անդամների մանդատները բախշվում են այն ուժերի միջեւ, որոնք ստացել են կուսակցության դեպքում վեց, իսկ դաշինքի դեպքում ութ տոկոս ձայներ: Եթե հաշվարկի արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են երեքից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք կուսակցությունները եւ դաշինքները: Ավագանու անդամների մանդատները բաշխվում են ուժերի ընտրական ցուցակների միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ուժի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են: Մնացած մանդատներն էլ բաշխվելու են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 9-ին կհայտարարի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալները: Ու եթե բողոքարկումներ չլինեն, ապա նոր խորհրդարանը կձեւավորվի հենց այդ օրը: ԱԺ ձեւավորումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին (եթե այն ձեւավորվի ապրիլի 9-ին), տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը:

Այս օրերին բոլորին հետաքրքրում է, թե երբ է տեղի ունենալու կառավարության կազմի ձեւավորումը: Շտապենք տեղեկացնել, որ կառավարություն կձեւավորվի դեռ գործող 2005 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության դրույթներով: Ըստ այդմ, խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունն իր լիազորությունները վայր կդնի, որից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ: Ապա կձեւավորվի կառավարության նոր կազմը: Իսկ մինչ այդ նախարարները կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ:
Մինչ կառավարության նոր կազմի ձեւավորումը, այսօր տեղի է ունենալու գործադիրի նիստ: Սա խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության անդրանիկ նիստն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ երեկվա դրությամբ կառավարության օրակարգում ներկայացված էր 23 նախագիծ: Նախագծերի մի մասը ներկայացնելու են խորհրդարանական ընտրություններին մասնակցած պատգամավորության թեկնածուները՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, պետական գույքի կառավարման վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր ընտրված Արման Սահակյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության այսօրվա նիստին որոշում կընդունվի ապրիլի 17-ի աշխատանքային օրը մայիսի 6-ի շաբաթ օրը տեղափոխելու մասին: Նախագծերից մեկն էլ վերաբերում է «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 69.99 տոկոս բաժնետոմսերի «Տաշիր կապիտալ» ընկերության կողմից գնմանը: Մեկ այլ որոշմամբ էլ մշակույթի նախարարությունը գույք կնվիրաբերի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը: Ապա նույն նախարարությունը 10 մլն 570 հազար դրամ արժեքով գույք կնվիրաբերի նաեւ իր ենթակայության տակ գտնվող ՀՀ ազգային պատկերասրահին, պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությանը:
ՀՀ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանն էլ կառավարության հավանությանը կներկայացնի ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021թթ ծրագիրը: Ի դեպ, այս նախագիծը չզեկուցվող է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ հայ-հունական բարեկամության այգուց վերեւ, փողոցի եզրին միշտ կարելի է տեսնել կոկիկ հագնված մի երիտասարդի, ով շարժական տաղավարում դարսված կրոնական գրքեր եւ բրոշյուրներ է անվճար բաժանում մարդկանց: Ոչ տեղացի այդ երիտասարդը Եհովայի վկաներ կրոնական ուղղության ներկայացուցիչ է: Նոյեմբերյան քաղաքում, տարածաշրջանի գյուղերում հաճախ կարելի է տեսնել Երեւանից ժամանած, կոկիկ հանգնված երիտասարդների եւ աղջիկների, ովքեր Եհովայի վկաների վերաբերյալ քարոզ են կատարում, գրքույկներ եւ ամսագրեր տարածում: Նրանք Նոյեմբերյանում տուն են վարձակալում, ամիսներով բնակվում սահմանամերձ քաղաքում: Եհովայի վկաների թիվը շատ է Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղում եւ հատկապես Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Մարզկենտրոնի սրճարանների մատուցողների մեջ բազմաթիվ Եհովայի վկաներ կան: Կրոնական այդ ուղղության ներկայացուցիչները Իջեւանում պարբերաբար մեծ հավաքներ են անցկացնում, որոնց մասնակցում են ընտանիքներով, ներկա են լինում նույնիսկ փոքրահասակ երեխաներ: Այս հավաքներին Երեւանից եկած քարոզիչները քարոզներ են կարդում, հավաքի մասնակիցները միասին հոգեւոր երգեր են երգում: Նման հերթական մեծ հավաքը նախատեսված է ապրիլի 11-ի երեկոյան, քաղաքի կենտրոնում գտնվող «Մադագասկար» սրճարանում: Փաստացի Ադրբեջանի հետ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում Եհովայի վկաների ուսմունքի տարածումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, քանի որ Եհովայի վկաները հրաժարվում են զենք վերցնել, մերժում են արյան փոխներարկումը եւ այլն: Ադրբեջանում այդ կրոնական կազմակերպությունն օրենքով արգելված է: Վերջերս Ռուսաստանում եւս արգելվեց այդ կազմակերպության գործունեությունը: Իսկ ահա Հայաստանում այս կրոնական ուղղության հետեւորդների թիվն ավելանում է:

 

 

ՍԱՐՔԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈ՞Ր
Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ «Թրանսփարեսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդները դիմել են իրենց հանձնաժողով՝ հայտնելով, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ընտրական տարածքում կրկնակի քվեարկության 5 դեպք է եղել: Ա. Սարգսյանն ասաց, որ իրականում կրկնակի քվեարկություն չի եղել: Նրա խոսքերով՝ այդպես է թվացել ընտրություններում օգտագործվող տեխնիկական սարքերի աշխատանքի թերությունների պատճառով, որի հետեւանքով ստացվել է, թե իբր կրկնակի քվեարկություն է կատարվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս