«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառում ենք հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքերին, պարզում ենք` ինչպես է ստացվել, որ հենց նրանց է բաժին ընկել հանրային անձի «տիտղոսը»: Վերջիններս պատմում են իրենց ճանապարհին հանդիպած, երբեմն դեռեւս չհաղթահարված դժվարությունների մասին, անկեղծանում են` երկրորդ հնարավորության դեպքում կընտրեին նույն ուղին, թե ոչ: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն է:
«Երբեք չեմ երազել հայտնի լինել»
2006 թվականին, երբ արդեն հիմնել էինք «32 ատամ» ակումբը (ես հանդես էի գալիս որպես դերասան եւ սցենարի հեղինակ), զգացի, որ շատ մարդիկ են ինձ ճանաչում, ուշադրություն դարձնում: Իհարկե, մինչ այդ հասցրել էի նկարահանվել գովազդներում, աշխատել էի ՈՒՀԱ ուսանողական լիգայում, բայց այդչափ հայտնի չէի: Հեռուստաեթերը տվեց հանրային լինելու մեծ հնարավորություն: Ասեմ, որ երբեք չեմ երազել հայտնի լինելու մասին. նույնիսկ մտքովս նման բան չի անցել: Ես Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ եմ եւ պարզապես ցանկանում էի «ինչ-որ բան» դառնալ (ծիծաղում է):
Տարօրինակ ֆանատը
Երբ հայտնի ես, երբեմն ընկնում ես զավեշտալի պատմությունների մեջ: Վերջերս, օրինակ, ինձ մոտեցավ մի երեխա, ասաց. «Չե՞ս ուզում հետս լուսանկարվել», հարցրի. «Բա ո՞ւր է հեռախոսդ», ինքն էլ թե. «Քո հեռախոսով նկարիր»: Այդպես նկարվեցինք, ու նա գնաց` նույնիսկ չփորձելով ստանալ լուսանկարը (ծիծաղում է):
«Ժպիտի պակաս չունենք»
Երեւի շատերն են նշում` գալիս է մի պահ, երբ ուզում ես քեզ չճանաչեն, որ դու չլարվես, թեեւ ես այդ առումով առանձնակի բարդույթներ չունեմ. կարող եմ հանրախանութից շատ անձնական իրեր գնել եւ վատ չզգալ: Ուշադրության կենտրոնում լինելը սկզբում անսովոր է, այսպես ասած` ձիգ ես քայլում, բայց չես կարող նաեւ ժխտել, որ այն բավական հաճելի է: Լինում են պահեր, երբ դու քեզ շոյված ես զգում: Կինս, օրինակ, նյարդայնանում է, երբ ինձ ընդառաջում են, իրեն կամ մյուսներին` ոչ, երբ որեւէ գործարք ժպիտով են իրականացնում (ծիծաղում է): Այսօր շատերը երկրից հեռանում են` նշելով, որ մեր երկրում մարդիկ չեն ժպտում: Բայց մենք այդ ժպիտի պակասը չունենք:
«Լինում են պահեր, երբ ուզում եմ թողնել ոլորտը…»
Հիասթափություններն անխուսափելի են ցանկացած մասնագետի, մարդու պարագայում, հատկապես մեր երկրում, որտեղ կատարածդ աշխատանքն ու դրա վարձքը միմյանց չեն համապատասխանում: Հիմա էլ լինում են պահեր, երբ ուզում եմ թողնել ոլորտը, բայց հետո էլի փորձում եմ մի քանի աշխատանք համատեղել: Բացի այդ` բոլոր պարագաներում հայրենիքի հանդեպ սերը հաղթում է, եւ դու համակերպվում ես ինչ-ինչ իրավիճակների: Չեմ կարծում, թե երբեւէ կհեռանամ այս ասպարեզից. վերջիվերջո տասը տարուց ավել է` համապատասխան փորձ եմ կուտակել: Նույնիսկ եթե զուգահեռաբար տրվեմ այլ գործերի, բեմի հետ կապս կպահեմ, որպեսզի ստեղծագործական «սովս» հագեցնեմ:
«Երկրորդ շանսի դեպքում նորից կընտրեի իմ աշխատանքը»
Ինձ գրավում է հատկապես այն, որ աշխատանքս հնարավորություն է տալիս շրջագայել, աշխարհ տեսնել, շփվել սփյուռքահայերի հետ, համերգներով հանդես գալ եւ գումար աշխատել: Եթե ես, օրինակ, հաջողակ բիզնեսմեն լինեի, էլի հնարավորություն կունենայի լինել տարբեր երկրներում, բայց երբեք չէի կարողանա հայտնվել այն մթնոլորտում ու միջավայրում, որն ինձ համար ապահովում են գործընկերներս: Այնպես որ, եթե երկրորդ անգամ հնարավորություն ընձեռվեր, նորից կընտրեի իմ մասնագիտությունն ու աշխատանքը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ ՉԵՂԱՎ
Ինչպես հայտնի է` Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցնում քաղաքական 4 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ-ն: «Ժողովուրդ»-ը սփյուռքում ապրող մեր հայրենակից արվեստագետներից հետաքրքրվել է՝ ինչպես են այնտեղի հայերը արձագանքել ընտրության արդյունքներին, ինչ մտորումներ ունեն նրանք։
Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն, օրինակ, ով բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փաստեց, որ իր շրջապատում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարծիքների բախում է նկատել.«Առանձնացնեմ ինձ համար երկու կարեւոր նկատառում՝ դրական եւ բացասական։ Դրական կողմն այն է, որ այս ընտրությունները չեն խոստանում հետընտրական թատրոն, այսինքն՝ ոչ մեկ իր վրա չի վերցնում հեղափոխության իմիտացիա անելու ծրագիրը, ինչն իմ կարծիքով ավելի վտանգավոր կլիներ, քան իշխանության վարած քաղաքականությունը։ Բացասական կողմն այն է, որ ժողովուրդն, իսկապես, իր ձեռքով ընտրեց տարիներ շարունակ իրեն հարստահարած ու բռնաբարած իշխանություններին։ Սա փաստ է՝ ուզենք, թե ոչ։ Իսկ որ ամենավտանգավորն է՝ մարդկանց մեջ ավելի ու ավելի ամրապնդվեց զենքի ուժով իշխանափոխության հասնելու գաղափարը։ Իհարկե, սա անկարելի է, եւ չեմ կարծում, թե բանը դրան կհասնի։ Մեր իշխանությունները վստահ են իրենց ուժերի վրա՝ չհասկանալով, որ եղած տրամադրությունները կարող են օգտագործվել դրսից»,-շեշտեց նա։
Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանն էլ, ով եւս բնակվում է ԱՄՆ-ում, անդրադառնալով սփյուռքահայ արվեստագետների՝ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի եւ Էրիկ Նազարյանի՝ խորհրդարանական ընտրությունների շրջանակում կատարած դիտորդական առաքելությանը, նշեց. «Մարդիկ եկան, տեսան, որ առանց տուփերը լցոնելու էլ Հայաստանում կարող է ընտրություն լինել՝ գնացուցակով»։
Նա նաեւ հավելեց, որ, առհասարակ, դուրս եկողը կորցնում է երկիրը քննադատելու իրավունքը, եթե չի զբաղվում հայրենիքի համար հանրօգուտ որեւէ գործով։ «Պարապ խոսելուց երկրին ո՛չ տաք է, ո՛չ սառը»,-եզրափակեց նա։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉԻ ՄԱՍԻՆ
«Փի Ար»¬ի զարգացման հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս¬կատակաբաններ Պըլը Պուղու եւ Պոլոզ Մուկուչի մասին: Նրանք եղել են իրենց ժամանակի ամենավառ անհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուր խոսքի միջոցով հասցնել ամենատարբեր մեծամեծների: Արեւելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր եւ մուլտֆիլմեր: Այսօր ե՛ւ մշակութային, ե՛ւ կրթական իմաստով չափազանց մեծ է մեր սրամիտ առակախոսներին լավագույնս հանրությանը ներկայացնելու կարեւորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մշակվել է այդ կերպարներից մեր օրեր հասած անգին ժառանգությունը, պատրաստ են սյուժեները եւ ֆիլմաշարի ողջ կոնցեպտը: Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիլմաշարը, բացի հայերեն տարբերակից, ունենալու է նաեւ անգլերեն, ռուսերեն եւ արաբերեն թարգմանություններ:
ՎԵՐՋԻՆ ՎԵՊԸ
Ռուս բանաստեղծ եւ սցենարիստ Եվգենի Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վերջին վեպը կարող է հրատարակվել 2017 թվականին: Այս մասին հայտնում է ՁԸհհ-ը` հղում անելով բանաստեղծի այրի Մարիա Նովիկովային: «Սա ավանդական վեպ չէ. նորավեպեր են, նրա հիշողությունները ռազմական մանկության, դեպի ԱՄՆ կատարած ուղեւորությունների, կյանքի տարբեր իրադարձությունների մասին»,- պատմել է Նովիկովան:
Նշենք, որ Եվտուշենկոն այդ գրքի վրա աշխատել է իր կյանքի վերջին տարիների ընթացքում: Գիրքը ավարտին չի հասցվի, պարզապես կխմբագրվի, այնպես, ինչպես ծրագրել էր Եվտուշենկոն:
ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ
Բրազիլական հեռուստասերիալների հայտնի դերասանուհիները եւ Globo հեռուստաընկերության մի քանի աշխատակցուհիներ, որոնք մասնակցում են նկարահանումներին, ֆլեշմոբ են կազմակերպել՝ պահանջելով հարգալից վերաբերմունք կանանց նկատմամբ։ ՁԸհհ-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցներին իր աջակցությունն է հայտնել Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը: Պատճառը հայտնի դերասան Ժոզե Մայերայի պահվածքի շուրջ ստեղծված սկանդալն է: Globo հեռուստաալիքի աշխատակից Սուսլեմ Տոնանին մեղադրել է նրան սեռական ոտնձգությունների համար: Նա նշել է, որ տեւական ժամանակ Մայերն իրեն անպարկեշտ հաճոյախոսություններ է արել, անվայելուչ կատակներ է արել, փորձել է դիպչել իրեն՝ հակառակ իր կամքին: Տոնանին դիմել է հեռուստաընկերության կադրային բաժին եւ հայտնել իր դժգոհությունը։ Հանրության ճնշումների արդյունքում Մայերը հրապարակային ներողություն է խնդրել, սակայն դա նրան չի փրկել։ Globo հեռուստաալիքը հայտնել է, որ նրան այլեւս չի ընդգրկի իր սերիալներում։