«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ դոլարի սահմանագծին: Ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 996.2 մլն դոլար: Նշենք, որ այդ գումարի ահռելի մասը ՀՀ կառավարության արտաքին պարտքն է` 4.3 մլրդ դոլար: Միայն մեկ ամսվա ընթացքում այն ավելացել է 35 մլն դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ` 54.1 մլն դոլարով: Փաստորեն, պետք է արձանագրենք` Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը. մի ցուցանիշ, որը համարվում է վտանգավոր, եւ որը գուժում է դեֆոլտի մոտալուտ այցը: Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ եւս. պետական պարտքի ցուցանիշը հաշվարկելիս սովորաբար ՀՀ ֆիննախը չի ներառում խոշոր բիզնեսից վերցրած գերավճարները, այնինչ` այդ թվերը բավական պատկառելի են. միայն նախորդ տարվա վերջին գերավճարները կազմել են 132.8 մլրդ դրամ կամ ավելի քան 290 մլն դոլար. ի վերջո, այդ գերավճարները տրվել են հետագայում վերադարձնելու կամ այլ հարկատեսակի անվան տակ հաշվանցելու համար: Ուստի այս ցուցանիշը գումարելու դեպքում պատկերն առավել քան մռայլ է դառնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: