ՖՈՏՈ. Ովքեր են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները նորընտիր խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները` համաձայն որի Ազգային ժողովում ներկայացված կլինեն 4 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը:
Խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7:

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջի՝ նոր ձեւավորված Ազգային ժողովում պետք է ներկայացուցիչներ ունենան Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները: Եւ ահա քաղաքական ուժերի կողմից ստացված ձայների հաշվարկով 4 մանդատ բաժին է հասնում ազգային փոքրամասնություններին: 3 պատգամավոր պետք է ՀՀԿ-ն առաջարկի, 1-ը` «Ծառուկյան» դաշինքը:

ArmLur.am-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից տեղեկացավ, թե ովքեր են ՀՀԿ-ի կողմից ներկայցված լինելու Ազգային ժողովում` որպես ազգային փոքրամասնություների ներկայացուցիչ:
Պարզեցինք, որ եզդիական համայնքը ՀՀԿ-ի մանդատով խորհրդարանում կներկայացնի Ռուստամ Մահմուդյանը:

Ռուստամ Մահմուդյան

Նա եղել է ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական, 2013 – 2014 թթ. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, 2014 – 2015 թթ. ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ, 2015 թ-ից առայսօր ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետն է:
Ասորական համայնքը Ազգային ժողովում ՀՀԿ քվոտայով կներկայացնի Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը:

Իսկ քրդական համայնքը Ազգային ժողովում ՀՀԿ քվոտայով կներկայացնի Կնյազ Հասանովը: Նա Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է:

Իսկ ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի քվոտայով ռուսական համայնքի ներկայացուցչին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դաշինքը պատրաստվում է խորհրդարան ուղարկել Տատյանա անունով մի ներկայացուցչի: Թե ով է նա, առայժմ պարզել չհաջողվեց:

Լիդա Եղիազարյան




Լրահոս