Մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան ավիաչվերթի պաշտոնական բացումը:

Թռիչքին և բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, Արմենիա ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, Թալինա Թրավել ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Մալխասյանը, մասնավոր հատվածից ներկայացուցիչներ և լրագրողներ:

Հայկական պատվիրակությանը Բեյրութում դիմավորել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանում հայ համայնքի ղեկավար Պողոս Քուրդիանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հանդես են եկել ողջույնի խոսքով՝ երկուստեք կարևորելով չվերթը, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, զբոսաշրջության զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման, միջմշակութային երկխոսության ապահովման հարցերը:

Մեխակ Ապրեսյանն իր խոսքում նշել է․ «Այս չվերթը սպասված և անհրաժեշտ էր: Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը մասնավորապես կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերի և զբոսաշրջային փոխադարձ այցելությոնների առավել ակտիվացմանը»։

Այցի ընթացքում քննարկվել է զբոսաշրջային այցելությունների ակտիվացման նպատակով Հայաստանի և Լիբանանի միջև համատեղ ծրագրեր մշակելու գաղափարը:

Երևան-Բեյրութ- Երևան չվերթը մինչև ընթացիկ տարվա հունիս կիրականացվի շաբաթական մեկ անգամ, հունիսից՝ երկու, իսկ հուլիսից՝ երեք անգամ։




Լրահոս