Ալիևը որևէ քննադատություն չի հայտնել՝ կապված Արցախ այցի հետ. Սոլովյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող ասել, որ Լեռնային Ղարաբաղը իրենց տարածքն է: Դա ծիծաղելի է, և այլ դիրքորոշում չի կարող լինել: Այս մասին «Վեստի»-ի եթերում ասել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ պատմելով Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին:

Սոլովյովի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի վիճելի 5 շրջանների, 2016թ. ապրիլյան պատերազմի մասին, և երբ նա իր դիրքորոշումն է հայտնել՝ կապված հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության հետ, Ալիևն ասել է.

«Ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվում: Մենք միայն ռուսական զենք չեն գնում, արդեն գնել ենք իսրայելական զենք 6 միլիարդ դոլարով: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ բոլորը տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»,- ասել է Ալիևը:

Ռուս հաղորդավարի խոսքով՝ նա ասել է Ալիևին, որ ներկայիս ռուսական ղեկավարության օրոք Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

Նա նաև պատմել է, որ Ալիևը որևէ քննադատություն չի հայտնել իր հասցեին՝ կապված Արցախ կատարած այցի հետ: Բացի այդ, Ալիևը նշել է, որ նա դեմ չէ նման այցերին:




Լրահոս