
Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:
Շրջանառվող լուրերի համաձայն ՝ պատանիները սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ և 11-րդ դասարաններում։ Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով` դպրոցի բակում դպրոցականները ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Կրթության և գիտության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի բակում:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է կատարում, իսկ վերոնշված դպրոցի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն` պարզաբանումներ տալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
ArmLur.am-ի տեղեկություններով` նշված գործով հարուցվել է քրեական գործ: Ասել է թե, ամենայն հավանականության, դպրոցի տնօրենը կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում:
Լիդա Եղիազարյան