Նորաթուխ կուսակցության «անհայտ» հայտնիները. ովքեր են ընդգրկված ավագանու ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ օրերս պաշտոնապես գրանցված «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Թեեւ ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին, արդեն իսկ այսօր ակնհայտ է, որ հիմնական մրցակցությունը ընթանալու ՀՀԿ-ի եւ «Ելք» դաշինքի միջեւ, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւանում պատկառելի քվեներ ստացավ:

Այսօր, սակայն, անդրադառնանք դեռեւս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Այս կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 50 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը: Նորաթուխ կուսակցության ցուցակում, սակայն, Զարուհի Փոստանջյանից բացի, հանրությանը ծանոթ որեւէ այլ դեմք չկա:

Թեպետ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով իր անհայտ թիմին, նշել է, որ այն հաղթող է եւ վարկաբեկված չէ, սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Փոստանջյանի կուսակցության ավագանու ցուցակի մեջ կան մարդիկ, որոնք որոշ ժամանակ եղել են քաղաքական դեգերումների մեջ: Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակում տեղ գտած Հայկ Պետրոսյանը եւ Անդրանիկ Վարդանյանը ի սկզբանե եղել են «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետագայում հայտնվել են «Միասնություն» շարժման կազմում: Իսկ հիմա էլ, ինչպես երեւում է, իրենց ուժերն են որոշել փորձել Զարուհի Փոստանջյանի հրամանատարությամբ գործող կուսակցության ցուցակով:

Ինչեւէ: Նկատենք, որ «երկաթե տիկնոջ» կուսակցությունը անգամ կես տոկոս ձայներ ստանալու դեպքում ներկայացվածություն կունենա Երեւանի ավագանու կազմում, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի՝ ավագանու խմբակցությունները երեքից պակաս չպետք է լինեն, հետեւաբար, եթե հաշվարկի արդյունքում նվագազույն շեմը հաղթահարել է երեքից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք կուսակցությունները եւ դաշինքները:

Այսպիսով՝ ակնհայտ է, որ «Երկիր ծիրան»-ի կուսակցությունը ամեն դեպքում ներկայացված է լինելու Երեւանի ավագանու կազմում:

Վահագն Հակոբյան




Լրահոս