Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը 2017 թվականի ընթացքում մտադիր է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարությունում ապրիլի 11-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գործակալության կողմից իրականացված աշխատանքի ամփոփմանը։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (ՀԱԱԳ) հիմնադրվել է 2013թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, որպես արտահանման խթանման արդյունավետ գործիքակազմ:
Ունենալով 100 տոկոս պետական մասնակցություն՝ գործակալությունը հայկական ապահովագրական շուկայում միակն է, որը ՀՀ ռեզիդենտ արտահանողներին առաջարկում է ծառայություններ՝ ուղղված արտահանման հետ կապված չվճարման վնասների նվազեցմանը և անգրավ ֆինանսավորման ռեսուրսների հասանելիության ապահովմանն ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ ետարտահանումային փուլերում:
Ստեղծման օրվանից առ այսօր գործակալությունը մատուցում է ապահովագրական ծառայություն, որը պաշտպանում է արտահանողներին մատակարարված ապրանքների եւ/կամ մատուցված ծառայությունների դիմաց գնորդների կողմից չվճարման ռիսկերից և հնարավորություն է ստեղծում հետվճարման պայմանով մատակարարված ապրանքների եւ/կամ մատուցված ծառայությունների գումարը ստանալ նախապես, մինչև գնորդի վճարումը, անգրավ, կարճաժամկետ վարկի կամ ֆակտորինգի տեսքով: Այս գործիքով լայն հնարավորություններ են ստեղծվում նաև արտարժութային ռիսկերի կառավարման համար։
Արտահանման խթանման գործիքակազմն ընդլայնելու նպատակով, գործակալությունը 2016 թվականից մատուցում է նաև «նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն», որի խնդիրն է ապրանքի արտադրության փուլում արտահանողների համար շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունների ստեղծումը: Տվյալ ծառայությունն արտահանողներին հնարավորություն է ընձեռում արտադրության փուլում բանկերից և ունիվերսալ վարկային կազմակերպություններից (ՈՒՎԿ) ստանալ ֆինանսավորում` գրավի փոխարեն վերջիններիս առաջարկելով ՀԱԱԳ վկայագիր: Ֆինանսավորումը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման համար հումքի եւ նյութերի ձեռքբերման, մաքսային, տրանսպորտային, փաթեթավորման եւ արտադրանքը շուկայական տեսքի բերելու համար իրականացվող ծախսերի ֆինանսավորման ուղղություններով:
2016 թվականի ընթացքում գործակալության կողմից հաստատվել են 4,037,939,657 ՀՀ դրամի ապահովագրական սահմանաչափեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 286%։ Կնքվել են թվով 116 ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 2,185,616,559՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 463%։
2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում գործակալության կողմից հաստատվել են ապահովագրական սահմանաչափեր, որոնց ընդհանուր արժեքն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 957,646,290՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 75%։ Կնքվել են ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարն արտահայտված ՀՀ դրամով կազմել է 580,243,018՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 372%։
Նախորդ տարվա ընթացքում գործակալություն ներդրվեց ապահովագրական ռիսկերի գնահատման և ստանձնման նոր մեթոդ, որը 2017 թվականի հունվարի 1-ից թույլ է տալիս դիտարկել նաև այն տնտեսվարող սուբյեկտների դիմումները, որոնց գնորդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները բաց աղբյուրներից հասանելի չեն կամ որոնք արտահանում են անմիջապես իրենց հետ փոխկապակցված ընկերություններին:
Գործակալությունն իր գործունեության սկզբից անդամակցում է արտահանման ապահովագրությամբ զբաղվող միջազգային ապահովագրողների պրոֆեսիոնալ միությանը՝ Բեռնի միություն, ինչը հնարավորություն է ստեղծում գործակալությանն իրականացնել լավագույն միջազգային փորձի փոխանակում, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային շուկայում։
ՀԱԱԳ-ն իր գործունեության ընթացքում կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք այլ արտահանման ապահովագրական գործակալությունների հետ, մասնավորապես Ռուսաստանում, Բելառուսում, Չեխիայում, Չինաստանում, Իրանում և այլն:
Համագործակցության հուշագրեր է կնքվել ԳԴՀ կառավարության կողմից արտահանման և ներդրումների խթանման նպատակով մանդատ ստացած Euler Hermes և PricewaterhouseCoopers գործակալությունների կոնսորցիումի հետ, ինպես նաև իտալական SACE Spa ընկերության հետ: Այս համաձայնագրերը կարող են էական խթան հանդիսանալ նշված կառույցների ապահովագրությամբ դեպի Հայաստան տեխնոլոգիաների ներմուծման ֆինանսավորման գործընթացում։
2017 թվականին պլանավորվում է ապահովել պորտֆելի շուրջ 50 տոկոսանոց աճ, ինչպես նաև ապահովել հանրային իրազեկվածության շարունակական բարձրացում։ Որպես հավելյալ աջակցություն նոր գործարար հարաբերությունների ստեղծմանը՝ գործակալությունն իր կայքում հրապարակել է ավելի քան 1000 գնորդ կազմակերպությունների մանրամասն տվյալներ ըստ ոլորտային բաշխման, որն օգտագործելով, տնտեսվարողները հնարավորություն են ստանում կնքել արտահանման նոր պայմանագրեր։