Քաղաքական գործընթացները հաճախ կուսակցություն փոխելու պատճառ են դառնում, որը ոչ միշտ է հաջողություն բերում կամ բարձունքներ ապահովում: Փաստացի ապացույցն էլ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ ճամբարափոխ եղած շատ թեկնածուներ ձախողեցին և հաջորդ ԱԺ-ում չեն լինի: Այսօր կներկայացնենք ԲՀԿ-ից հեռացած, այլ կուսակցությանն անդամակցած «անհաջողակներին»:
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը փակեց քաղաքական էջը, շատերը լքեցին ԲՀԿ-ն՝ փորձելով իրենց տեղը գտնել այլ քաղաքական ուժերում:
Մասնավորապես, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը և Մարտուն Գրիգորյանը որոշեցին իրենց դրսևորել ՀՀԿ-ում, սակայն այս ընտրություններում նպատակները չիրականացան:
Դեռևս ընտրություններից առաջ շրջանառվում էին տեղեկություններ, թե ԲՀԿ-ից հեռացածների ապագայի հարցը որոշված է, և նրանք կլինեն խորհրդարանում, սակայն վարկանիշային ընտրակարգով իշխող կուսակցությունով առաջադրվելուց հետո նրանց հավաքած ձայները բավարար չեղան խորհրդարան գալու համար:
Հետաքրքիր է, որ հիշյալ թեկնածուները նաև մրցակիցներ են եղել միևնույն ընտրատարածքում.
Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)
Մուշեղ Պետոյան՝ 8795 ձայն
Մարտուն Գրիգորյան՝ 10.700 ձայն
Այս ընտրատարածքում առավել մեծ թվով ձայներ և ԱԺ գնալու հնարավորություն ստացել են Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:
Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)
Բազմասեր Առաքելյան՝ 3735 ձայն
Արագած Ախոյան ՝ 2442 ձայն
Այս ընտրատարածքից էլ խորհրդարանում կլինի Նաիրի Սահակյանը՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը:
Չնայած լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Մուշեղ Պետոյանի և Մարտուն Գրիգորյանի ապագայի շուրջ, թե նրանց պաշտոններ են տրվելու, սակայն խորհրդարանում նրանք հաստատ չեն լինի: