«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում ապրիլի 13-ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լեւինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաեւ ծանոթանալու հայկական մշակույթին եւ պատմությանը: Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաեւ հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կողմից կազմակերպված եվրատեսիլյան challenge-ն առաջինն ուղղել էր հենց նրան, որին ի պատասխան Լեւինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը, որը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ:
Սպասվելիք այցը կօգնի Լեւինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռքբերելուն, ինչու չէ նաեւ հայերեն նոր կատարումներ ներկայացնելուն: