ՖՈՏՈ. Դավիթաշենում ծառահատման գործով ձերբակալվածը քավության նոխա՞զ. մասնագետներն այլ եզրակացություն են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը հանդիսանում է Ալեքսան Սամսոնյանը, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և  խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23 «Բարդի» տեսակի ծառեր:

Դատախազության փոխանցմամբ` բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2 միլիոն 860 հազար դրամ: Ալեքսան Սամսոնյանը ձերբակալված է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձերբակալվածը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը հատել է մինչև արմատները վնասված երկու ծառ, իսկ մյուսները էտել է:

Ավելին, նա իրավապահներին վստահեցրել է, որ էտված ծառերը ամիսներ անց ավելի փարթամ ու առողջ տեսք են ունենալու, քան մինչ այդ էին:

Ալեքսան Սամսոնյանը վստահեցրել է, որ իրեն քննադատողները ստիպված կլինեն ներողություն խնդրել:

Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաև, որ մի շարք բնապահպաններ, տեղում գտնվող համապատասխան մասնագետներ դրական եզրակացություն են տվել` ներկայացնելով, որ ծառերն, իսկապես, էտման կարիք են ունեցել: Որոշ ժամանակ անց դրանք լիովին կվերականգնվեն:

Ինչևէ, փաստն այն է, որ կատարվածի շուրջ հանրային լայն քննարկումներ են ծավալվել, հնչում են տարաբնույթ քննադատություններ, ինչը բնական և սպասելի երևույթ է: Այս պատկերը չէր ստեղծվի, թերևս, եթե մասնագետները մեկնաբանությամբ հանդես գային` առանց խուսափելու այդ կարևոր պատասխանատվությունն իրենց վրա վերցնելուց:

Հ.Գ. Ավելի քան երկու տասնյակ ծառ հատելու գործընթացը մեկ վայրկյանում, դժվար թե, հնարավոր լինել ավարտին հասցնել: Եվ զարմանալին այն է, որ հանրային քննարկումներից հետո միայն պետական կառույցները, իրավապահ մարմինները հայտարարությամբ հանդես եկան, իսկ Սերժ Սարգսյանը կատարվածը բարբարոսություն որակեց` ապավինելով իրավապահների իրականացրած քննությանը:

Հարց է առաջանում` մի՞թե տարածքում ոստիկանության ծառայության աշխատակիցներ, որ կարողանային կանխել 20-ից ավելի ծառերի հատումը: Իսկ գուցե հատումը բնությանը վնաս չի՞ հասցրել, ինչն էլ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին օպերատիվ արձագանքի տեղիք չի տվել:

Տաթև Հարությունյան




Լրահոս