Ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրգործերի նախաքննություններն ավարտվեցին աներևակայելի արագ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմիններն աննախադեպ օպերատիվ են գտնվել ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը քննելիս: Երեկվա դրությամբ հարուցված 15 քրեական գործերից 4-ի նախաքննությունն ավարտվել է, եւ դրանք ուղարկվել են դատարան: Սա Հայաստանի իրավապահ համակարգի պատմության մեջ կարելի է համարել սենսացիոն իրադարձություն, երբ նախաքննությունն ավարտվում է քրեական գործը հարուցելուց մեկ շաբաթ անց: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների գործի մի քանի դրվագով նախաքննությունը ՀՔԾ-ում 3 տարի է, դեռ ընթանում է, չնայած՝ պարզվել են ե՛ւ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ե՛ւ կան բավարար տեսանյութեր ու լուսանկարներ՝ ամեն ինչ ապացուցելու համար:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատարան ուղարկված քրեական գործերը վերաբերել են կրկնակի քվեարկության փորձերին, որոնք տեղի են ունեցել Շիրակի մարզի Ամասիա գյուղի 30/37 ընտրատեղամասում, Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 34/67 ընտրատեղամասի, Վայոց ձորի Չիվա գյուղի 36/25 տեղամասում եւ Երեւանի Նոր Նորք թաղամասի 159 դպրոցում տեղակայված 2/19 ընտրատեղամասում: Նախաքննական մարմնի այս արագությունը նաեւ կասկածների տեղիք է տալիս, եւ փորձառու իրավաբանները դժվարացան վերհիշել նման որեւէ դեպք, երբ քրեական գործի նախաքննությունն ավարտվի մեկ շաբաթ անց:

Թե որքանով է սա ազդել քրեական գործի քննության վրա, ցույց կտա դատաքննության ընթացքը: Մինչ այդ կարելի է ենթադրել, որ իրավապահներին «արագ գործելուն» օգնել է փաստը, որ ընտրակեղծարարության համար մեղադրվողներն ընդունել են մեղքը, նույնը կանեն դատարանում, կհայտարարեն արագացված դատաքննություն կիրառելու մասին եւ այդպես կարժանանան սիմվոլիկ պատժի: Ճիշտ եւ ճիշտ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նման, երբ ընտրակեղծարարները տուգանք վճարելով ազատվեցին պատժից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս