Երբ օրենքները գրվում են պահի շահի թելադրանքով. խորհրդարանի պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները եւ, ընդհանրապես, նորընտիր խորհրդարանի պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ, եւ սա օրենսդրական հակասությունների հետեւանքով:

Բանն այն է, որ 2005 թ. ընդունված Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ԱԺ առաջին նիստը գումարվում է պատգամավորների երկու երրորդի ընտրվելուց հետո` երրորդ հինգշաբթի օրը։ Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփել է ապրիլի 9-ին, Սահմանադրությամբ նախատեսված երրորդ հինգշաբթի օրը ապրիլի 27-ին է, այսինքն` նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հենց այդ օրը պետք է գումարվի: Բայց մյուս կողմից, քանի որ ընտրությունների արդյունքները վիճարկվում են ՍԴ-ում, ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը չի կարելի համարել իրավական ուժի մեջ մտած, հետեւաբար նորընտիր խորհրդարանը չի կարող համարվել կազմավորված ու չի կարող սկսել աշխատանքները:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է Սահմանադրական դատարանում բողոքարկել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: ՍԴ դիմելու վերջնաժամկետն ապրիլի 14-ն է, եւ ենթադրվում է` հենց այդ օրն էլ Կոնգրեսը ՍԴ կներկայացնի ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը: ՍԴ մասին օրենքի 74-րդ հոդվածն էլ սահմանում է, որ դատարանն առավելագույնը 15 օրվա ընթացքում պետք է քննի այդ դիմումն ու որոշում կայացնի: Ու ստացվում է` Սահմանադրության 68-րդ հոդվածը տվյալ դեպքում պարզապես չի գործելու, եւ նորընտիր ԱԺ առաջին նիստն ապրիլի 27-ին չի անցկացվելու:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է. «Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված է այս դիմումների քննության առավելագույն ժամկետը, դա 15 օրն է։ Եթե հաշվենք ամսի 14-ից 15-ը, ապա վերջին օրը, երբ Սահմանադրական դատարանը այդ հարցով պետք է որոշում կայացնի, ապրիլի 29-ն է, եւ եթե այս դեպքում հիմք ընդունենք ապրիլի 29-ը որպես Ազգային ժողովի երկու երրորդի ձեւավորման ժամկետ, ապա դրանից սկսած պետք է հաշվարկել, թե երրորդ հինգշաբթի օրը որն է, տվյալ դեպքում` մայիսի 18-ը»:
Եւս մեկ ուշագրավ փաստ. ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ սահմանված չէ, թե երբ է ԿԸՀ-ն պատգամավորներին հանձնելու մանդատները. ԸՕ 100-րդ հոդվածը, որ վերնագրված է «Մանդատների տրամադրումը պատգամավորներին», սահմանում է միայն նոր` համամասնական ու ռեյտինգային ընտրակարգի համաձայն մանդատների տրամադրման ընթացակարգը, իսկ ահա ժամկետների մասին ոչ մի խոսք չկա նշված: Տեսականորեն չի բացառվում, որ ԿԸՀ-ն որոշի մանդատները հանձնել հաջորդ տարվա հունվարի 1-ին` որպես ամանորյա նվեր, եւ այս դեպքում ԱԺ-ն պետք է իր գործունեությունը սկսի այդ ժամանակ: Սա, ինքներդ եք հասկանում, զուտ տեսական դատողություն է, եւ որեւէ դեպքում ԿԸՀ-ն չի գնա նման քայլի: Բայց, դե, օրենսդրական սողանցքները կան, ու եթե որեւէ մեկը որոշի «չար կատակ խաղալ», հանգիստ կարող է օգտվել իրավիճակից:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե մանդատների տրամադրման ժամկետների հարցն օրենքով կարգավորված չէ, եւ թողնված է ԿԸՀ հայեցողությանը: Ըստ Մուկուչյանի՝ քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է ՍԴ-ում բողոքարկել ընտրությունների արդյունքները, իրենք սպասելու են ՍԴ որոշմանը, որից հետո, եթե ընտրություններն անվավեր չճանաչվեն, ողջամիտ ժամկետում կկազմակերպեն մանդատների տրամադրման գործընթացը:
Նկատենք, որ ԱԺ ընտրությունների ողջ գործընթացն ի սկզբանե ուղեկցվեց իրավական վեճերով. նախ` քննարկումների առարկա դարձավ ընտրությունների օրը հենց ապրիլի 2-ին նշանակելու փաստը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դեռ հունվարին պնդում էր, որ ԱԺ ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը:

Մեջբերելով օրենքի համապատասխան հոդվածները՝ տիկին Վարդանյանը եզրակացրել էր. «ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին, եւ նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետեւաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ», այսինքն` ապրիլի 20-21-ին: Թեեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը փորձել էր հիմնավորել, որ ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու որոշումը հակասահմանադրական չէ, բայց եւ խոստովանել էր` նոր ընդունված Սահմանադրությունը ներքին անհամապատասխանություններ ունի.

«Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, ապա մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության եւ սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային-կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարեւորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին եւ սկզբունքներին»,- ասել էր նա:

Փաստորեն, բովանդակային անհամապատասխանությունները միայն Սահմանադրության մեջ չեն, այլեւ ընտրական օրենսգրքի մեջ, Սահմանադրության եւ ԸՕ-ի մեջ: Ու չի բացառվում, որ վաղն էլ անհամապատասխանություններ հայտնաբերվեն այլ ոլորտների մասով, քանի որ օրենքները` այդ թվում հիմնական, գրվում են պահի շահի թելադրանքով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս