Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գրանցված մահացու բռնկման դեպքերի և, ընդհանուր առմամբ, փոքր առաջընթացի` ԵԱՀԿ-ն շարունակում է հաստատակամորեն ձգտել խաղաղ և տևական կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կողմից հրապարակված 2016 թվականի զեկույցում: Զեկույցում նշվում է, որ 2016 թվականի ընթացքում ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները շարունակել են գերակայություն լինել կազմակերպության օրակարգում:
«Մասնավորապես, ճգնաժամն Ուկրաինայում և դրա շուրջ շարունակել է առանցքային մնալ ողջ տարվա ընթացքում: Բացի այդ, 2016 թվականի գարնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բռնության, լարվածության նոր աճը անհրաժեշտ դարձրեց ճգնաժամային կառավարման ակտիվացումը:
Գերմանիայի նախագահությունը նշանակալի ջանքեր գործադրեց այս և մյուս հակամարտությունների գործում` նպատակ ունենալով ամրապնդել ԵԱՀԿ ձևաչափերը հակամարտության կարգավորման և դրանց հետևանքով տուժած մարդկանց կյանքի պայմանները բարելավելու նպատակով», ասվում է զեկույցում: Անդրադառնալով ապրիլյան դեպքերին` նշվում է, որ ԵԱՀԿ նախագահությունն արագորեն արձագանքել է շփման գծում բռնության աճի դրսևորմանը` ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ հանդիպում կազմակերպելով և հորդորելով կիրառել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով կայացված համաձայնությունները` կապված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հետաքննող մեխանիզմների կիրառման հետ:
«Նախագահությունը կոչ է արել վերսկսել բանակցային գործընթացը հանուն հակամարտության կարգավորման», ասվում է զեկույցում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, 2016 թվականը բարդ տարի անվանելով, հայտնել է, որ ապրիլյան դեպքերից հետո ութ անգամ այցելել է տարածաշրջան` որպես աջակցություն առաջնագծում զոհված զինծառայողների մարմինները որոնելու և կողմերին փոխանցելու մարդասիրական գործողությունների: Կասպշիկն ու նրա թիմն իրականացրել են մոնիթորինգային 22 առաքելություն, որոնցից հինգը ՀայաստանԱդրբեջան սահմանին, 17-ը` ղարաբաղյան շփման գծում: