ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:
Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010թ-ին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:
2006թ-ից Արամ Պապոյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է:
Արամ Պապոյանի գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ատոմային ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի, քվանտային և ոչ գծային օպտիկայի, օպտիկական պատկերագրման ոլորտները:
Արամ Պապոյանը 4 ժողովածուի և 190 աշխատության հեղինակ է:
Անդամակցել է Ֆրանսիայի ԳԱ Ալֆրեդ Կաստլեր հիմնադրամին, ՀՀ Նախագահի մրցանակի ֆիզիկայի հանձնախմբին, Եվրոպական օպտիկական ընկերությանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտխորհրդին, ՀՀ ԳԱԱ Նախագահությանը:
Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ Նախագահի ֆիզիկայի մրցանակի, Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի, Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող: