ArmLur.am-ը ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվել է իր խորհրդարան չանցնելու պատճառների և առաջիկա ծրագրերի մասին:
-Պարո′ն Ավետիսյան, ապրիլի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով Դուք չանցաք խորհրդարան: Վերլուծե՞լ եք` ինչու չկարողացաք բավարար արդյունքի հասնել:
-Ձայներով չի որոշվում խորհրդարան անցնելը: Խորհրդարան անցնելը որոշում է կուսակցության ղեկավար մարմինը, կուսակցության նախագահը: Այնպես որ, կարևորը մենք թիմով կարողացանք ապահովել կուսակցության ընդհանուր ձայները, այդ թվում նաև Շիրակի մարզում: Բնական է, կուսակցության ղեկավարության որոշելիքն է:
-Կնշե՞ք, թե քարոզարշավի ընթացքում ինչքան գումարներ եք ծախսել և ինչպե՞ս եք այն հետ բերելու:
-Եթե գումարը ծախսում ես ընտրության համար, ուրեմն հետ վերադարձնելու մասին չպետք է մտածել, որովհետև դու գնում ես աշխատելու և ժողովրդին ծառայելու: Ի՞նչ է նշանակում` ոնց պետք է վերադարձնել:
Քանակը չեմ կարող ասել, քանակի հետ կապված կարող եք դիմում գրել կուսակցության գրասենյակ, այնտեղ հստակ կասեն` ով ինչքան գումար է ծախսել, ինչ նպատակների համար: Մենք առանձին հիմնադրամ չենք ունեցել, որ ծախսերն էլ կարողանանք ասել:
-Պարո′ն Ավետիսյան, ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է խորհրդարան չանցած թեկնածուների հետ, հուսադրում նրանց: Հանդիպում Ձեզ հետ եղե՞լ է:
– Կոնկրետ հանդիպում չեմ ունեցել, նախընտրական քարոզարշավի շրջանակներում եմ հանդիպել, դրանից հետո հանդիպում չի եղել: Եթե ժամանակ գա ապա կլինի այդ հանդիպումը:
-Իսկ Ձեր առաջիկա գործունեությունը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Իմ առաջիկա գործունեությունը պատկերացնում եմ այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը: Որտեղ հարմար կգտնի, ես այնտեղ էլ կաշխատեմ և կծավալեմ իմ գործունեությունը:
Զրուցեց Արփինե Թովմասյան