«Ararat»-ը հաղթել է «կովբոյին». «Marlboro»-ի դատական հայցը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը ««Marlboro»-ն ընդդեմ «Ararat»-ի» դատական գործով վերջնական որոշում է կայացրել, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը:

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Philip Morris Brands Sarl» ընկերության դատական հայցն ընդդեմ ՌԴ-ում «Ararat» ծխախոտների ներմուծող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի:

Հարցի նախապատմությունը հետևյալն է.

2016թ. «Philip Morris Brands Sarl» ընկերությունը պդնել է, որ «Ararat»-ը սպառողին մոլորեցնում է, քանի որ այն իր դիզայնով հիշեցնում է «Marlboro» ծխախոտը: Ընկերությունը նշել է նաև, որ «Ararat»-ը խանգարում է «Marlboro»-ի շրջանառությանը: Ընկերությունը Մոսկվայի արբիտրաժային դատարանից պահանջել է արգելել Ռուսաստանի տարածքում «Ararat»-ի շրջանառությունը, ինչպես նաև ոչնչացնել ծխախոտի բոլոր խմբաքանակներն ու փոխհատուցում ստանալ 5 մլն ռուբլիի չափով:

Գործը, որը լսվել է Մոսկվայի արբիտրաժային դատարանում, միակը չի եղել: Նման վեճեր են առաջացել նաև այլ երկրներում. հայկական արտադրողն իր շահերը պաշտպանել է Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Թայվանում: Այդ երկրներում գործն ավարտվել է՝ ի շահ հայկական ընկերության:

Մոսկվայի արբիտրաժային դատարանը՝ գնահատելով կողմերի ներկայացրած ապացույցները, եկել է հետևյալ եզրահանգման. երկու ծխախոտների ապրանքանիշերը թույլ են տալիս հաստատել դրանց նմանության բացակայությունը:

Դատարանն անհիմն է համարել նմանակելու մասին «Philip Morris Brands Sarl»-ի ներկայացրած ապացույցերը: Դատարանը նաև ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Դաշնային օրենսգրքի 19-րդ հոդվածի համապատասխան՝ ծխախոտ գնելիս գնորդը ուշադրություն չի դարձնում ծխախոտի փաթեթավորմանը, այլ միայն անվանը:

«Գրանդ Տոբակո»-ի իրավաբան Նիկոլայ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ «Philip Morris Brands Sarl» ընկերությունն այդպիսով փորձել է արհեստական խոչընդոտներ ստեղծել՝ նպատակ ունենալով ռուսական շուկայում արգելել հայկական ծխախոտի շրջանառությունը:




Լրահոս