Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ:
Նշենք, որ այդ հարվածները հանգեցրել էին Բերդի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս աղջկա մահվան: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը) մեղադրվող 25-ամյա Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը եղել է Ադրբեջանի տարածքում, ինչը սեւ կնիք է դրել նրա ճակատագրի վրա:
Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը: Արսենը մտերիմ հարաբերություններ է ունեցել 17-ամյա աղջկա հետ: Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի Ճակատի աղբյուր տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը: Հավելենք, որ մինչ այդ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Խոջոյանը չի առարկել դրանց դեմ՝ անուղղակիորեն ընդունելով իր մեղքը: Դատարանում ցուցմունք տված Աստղիկ Հանիսյանի մայրն ասել է՝ ինքը համոզված չէ, որ Արսենն է իր աղջկան սպանել:
Դատավոր Զոյա Զաքինյանը նրան հիշեցրել է այդ կնոջ նախաքննական ցուցմունքն այն մասին, որ Վերին Կարմիրաղբյուրում, դեպքի վայրում ծանր վիրավոր Աստղիկ Հանիսյանը մորն ասել է, որ իրեն դանակի հարվածներ հասցնողը Ա. Խոջոյանն է: Սակայն մայրը անհասկանալի պատասխաններ է տվել:
Տեղեկացնենք, որ այդ գործով դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 18-ին: Հավանաբար այդ օրը կհրապարակվի Արսեն Խոջոյանի դատավճիռը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ