Էմմա Պողոսովայի արդյունքն աննախադեպ էր. Արտաշես Մադոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայում պատանի եւ երիտասարդ սուսերամարտիկները մասնակցեցին աշխարհի առաջնությանը: Երիտասարդ խոցասուսերակիրների պայքարում Էմմա Պողոսովան գրանցեց անկախ Հայաստանի լավագույն արդյունքը` հայտնվելով ուժեղագույն ութնյակում:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ հավաքականի մարզիչ Արտաշես Մադոյանն ամփոփեց հայ մարզիկների ելույթները.

«Էմմա Պողոսովան շատ բարձր արդյունք գրանցեց: Նա 154 մասնակիցների պայքարում հասավ քառորդ եզրափակիչ: Սա աննախադեպ արդյունք է անկախ Հայաստանի պատմության մեջ: Մրցավայրում զարմացած էին, բոլորը շնորհավորում էին եւ խոսում մեր արդյունքի մասին: Էմմայի ամենակարեւոր մենամարտն ամերիկացի սուսերամարտիկի հետ էր, որը նրանց հավաքականի առաջատարն է: Շատ դժվար պայքարում նա մեկ միավորի առավելությամբ հաղթեց (15:14):

Մյուս մրցակիցներին եւս մեր սուսերամարտիկը հաղթել է մեկ խոցումի առավելությամբ: Պողոսովան բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցչի հետ, բայց արդեն փոքր ինչ հոգնած էր եւ պարտվեց իրենից ավելի փորձառու մրցակցին»,- նշեց մարզիչը:

Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկներին` Արտաշես Մադոյանը նրանց ելույթները բավարար համարեց.

«Պատանիները վատ հանդես չեկան, բավարար եմ գնահատում: Երիտասարդներ Մայքլ Հովհաննիսյանից եւ Էդուարդ Օվիկյանից ավելին էի ակնկալում: Նրանք կարող էին եւ պատրաստ էին ավելի լավ արդյունք գրանցել: Մեր սուսերամարտիկները միջազգային փորձի պակաս ունեն: Նրանք տարեկան մասնակցում են մեկ կամ երկու միջազգային մրցաշարի: Իսկ բարձրակարգ սուսերամարտիկները 20-25 մրցում են ունենում: Ցավալի է, որ մեր ներքին առաջնությունը թույլ է, մրցակցություն չկա: Դա խանգարում է մարզաձեւի զարգացմանը: Սակայն, ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին սուսերամարտիկների աճ է գրանցվել»,-ասաց Արտաշես Մադոյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ երիտասարդների հավաքականը մի քանի օրից Մինսկում կմասնակցի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

 




Լրահոս