Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված թվով 474 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 211-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 148 -ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 37-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն` (ՕԵԿ) 26-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 26-ական:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել 2017 թվականի ապրիլի 14-ից 19-ը` մինչև ժամը 18.00-ն:
Նիստում, հանձնաժողովի որոշմամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը տրվել է 48 ժամ` ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Ռոբերտ Նավասարդի Չիթչյանի փաստաթղթերը լրացնելու համար:Նշված ժամկետը լրանում է 2017թ. ապրիլի 14-ին, ժամը 18.00-ին: