Չնայած մի շարք գնահատականների, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցել են «աննախադեպ լավ», սակայն ինչպես նկատում ենք՝ ՀՀ իրավապահ համակարգը շարունակում է «ջրի երես հանել» ընտրատեղամասերում տեղ գտած աղմկալի դրսեւորումները: Եվ այսպես՝ Փարպի համայնքը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Հարցաքննվել են
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապրիլի 2-ին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, Աղվան Վարդանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվել է ուղղորդված եւ բաց, քվեախցիկ են մտել մեկից ավելի անձինք եւ վերահսկել ընտրողի կողմից կատարված քվեարկությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՅԴ ներկայացուցչի գրությունն ուղարկել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ գրության հիման վրա ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի քննչական բաժին են հրավիրվել 17/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները, որոնք իրավապահներին հայտնել են, թե կուտակումներ եղել են, բայց ընտրողի կողմից կատարված քվեարկությունը վերահսկման կամ, առհասարակ, բաց քվեարկության դրսեւորումներ չեն եղել: Սակայն այդ պնդումները արժանահավատ չեն եղել:
Ապրիլի 7-ին Արագածոտնի մարզի դատախազությունը ստացել է 17 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 6-Ա որոշումը այն մասին, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել: Հիմքն այն է, որ «հանձնաժողովը, ուսումնասիրելով հիշյալ ընտրական տեղամասում քվեարկության ընթացքի վերաբերյալ տեսանկարահանող սարքերի արխիվային նյութերը, արձանագրել է, որ թիվ 17/21 ընտրատեղամասում առկա են բազմաթիվ ընտրողներ, բաց քվեարկություններ եւ ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողություն, եւ հետեւության է հանգել, որ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջների խախտում»:
Ավելին` ապրիլի 6-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով, եւ գործն ուղարկվում է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:
Հանձնաժողովի կույր նախագահը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 17/21 ընտրատեղամասի ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Սարիբեկյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին ասաց. «Ձեզանից եմ լսում նման բան: Այն, ինչ ասում եք, որ բաց քվերակություն է եղել, չգիտեմ էլ ինչ, նման բան չի եղել: Ես չգիտեմ՝ ինչ է ֆիքսել տեսախցիկը, համենայնդեպս, ես չեմ տեսել նման բան ու ավելին ասեմ, որպես հանձնաժողովի նախագահ՝ այնտեղ լուրջ թերություններ չեն եղել: Կարող է՝ եղել են օգնողներ, նրանք գրանցամատյանում գրանցվել են, նրանց թիվը եղել է 39, որոնք, կրկնում եմ, անձնագրով եկել են եւ օգնել են իրենց տատիկին կամ բարեկամին»:
Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Սարիբեկյանին հայտնեցինք, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով հարուցվել է քրեական գործ, արդյո՞ք նա մտավախություն չունի, որ որպես հանձնաժողովի նախագահ կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին, ասաց. «Մտավախություն չունեմ, քանի որ նման բան չի եղել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանն էլ հայտնեց, որ չի բացառվում, որ համայնքի բնակիչները դիմեն ՍԴ իրենց իրավունքների ոտնահարման մասով. «Մարդիկ գնացել, ընտրել են, ինչու են չեղյալ հայտարարում ընտրության արդյունքները: Ինչ իմանանք, կարող է՝ այդ տեսախցիկները փոխել են, հիմա հազար բան կարող են անել»:
Իսկ հիմա ամենագլխավորի մասին, եթե 17/21 ընտրատեղամասում ընտրությունները անցել էին գեղական կարգով, ապա, ի վերջո, ով էր եղել այս ընտրատեղամասում առաջատարը: Պարզվում է, որ իր հայրենի գյուղի 17/21 ընտրատեղամասում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանը հավաքել էր 760 ձայն, ՀՀԿ-ական Նաիրի Սահակյանը՝ 0 ձայն, Արագած Ախոյանը՝ 1 ձայն, իսկ ՀՅԴ-ն` 150 ձայն:
Ամենաթողության հետեւանքը
Ստացվում է, որ ընտրատեղամասում բաց եւ թափանցիկ աշխատել էին հանուն Բազմասեր Առաքելյանի: Այն պատգամավորի, որը համայնքում նախընտրական ժամանակահատվածում ծեծկռտուք սարքեց եւ «մարսեց»:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները փետրվարի 26-ին Փարպի գյուղում ծեծի էին ենթարկել երկու եղբայրների, որոնք ասել էին, թե ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին քվեարկելու են ՀՅԴ-ի օգտին: Աշտարակի բաժնում նյութեր էին նախապատրաստվել, իսկ ավելի ուշ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1 կետի հիմքով կարճվել` «բացակայում է հանցագործության դեպքը» հիմնավորմամբ:
Ահա թե ինչպիսի հետեւանքներ են լինում ամենաթողության արդյունքում, մեկ անգամ օրենքը խախտողն ու անպատիժ մնացածը կարող է կրկնել հանցավոր արարքը:
Ինչպես երեւում է` Դաշնակցությունը չի ներել Բազմասեր Առաքելյանին, որն, ի դեպ, ողջ ընտրատարածքում հավաքեց ընդամենը 3735 ձայն ու չկարողացավ պատգամավոր դառնալ:
Քնար Մանուկյան