Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել. 210 մարդ տարահանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11.44

Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին առաջացած ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից՝ հավելելով, որ առավոտյան դեպքի վայր մեկնած մասնագետները պարզել են, որ երկհարկանի դպրոցի տանիքում՝ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, առաստաղից ծեփ է թափվել և առաջացել են մանր ճաքեր:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա:

Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը:

10.48

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տեղազննման արդյունքում հայտնաբերել են շինարարական ճաքեր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս