Տարաբնույթ խոստումների տարափը` շուտով. իսկ ամենագլխավոր հարցերից մեկը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ.-ի ապրիլի 21-ից կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Այս ժամանակահատվածում մենք` երևանցիներս, կրկին կլսենք, թե որ ուժն ինչպես է պատրաստվում կառուցել մաքուր, ապահով և կանաչ մայրաքաղաք: Կհնչեն տարաբնույթ խոստումներ` սկսած ծառերի ապօրինի հատումը դադարեցնելուց մինչև սուպարմարկետները քաղաքի բանուկ հատվածներից հանելուց և փոքր խանութներին ևս «շնչելու» իրավունք տալուց:

Կբերվեն եվրոպական քաղաքակիրթ երկրների օրինակները, որտեղ հսկայական սուպերմարկետները գտնվում են քաղաքներից գրեթե դուրս կամ չեն աշխատում երեկոյան ժամերին, որպեսզի փոքր առևտրի կետերը ևս կարողանան առևտուր անել և չփակվեն` լրացնելով գործազուրկների բանակը:

Ինչ խոսք, տնտեսական վիճակի մասին մտածելն անհրաժեշտությունն է, և գուցե այս տարբերակն արժե կիրառել նաև մեզ մոտ: Բայց այս պահին առավել կարևոր խնդիր է բնակչության անվտանգության հարցը: Խոսքը բենզալցակայանների անվտանգ շահագործման խնդրի մասին է:

Բազմիցս նշել ենք, որ Հայաստանում գործող բենզալցակայանների կեսից ավելին կառուցված է անվտանգության նորմերի խախտումներով: Դրանց մեծ մասի պահեստարաններն ուղղակի տեղակայված են բազմաբնակարան շենքերի բակերում, խաղահրապարակների մոտ, կամ գտնվում են հենց ճանապարհների վրա: Բնակիչները բազմիցս բարձրաձայնել են իրենց բակերի կողքին բենզալցակայանների կառուցման խնդրի մասին, փորձել են և փորձում են տարբեր միջոցներով բողոքել, սակայն` ապարդյուն:

Կարծում ենք` այս հարցում ևս կարելի է առաջնորդվել եվրոպական քաղաքակիրթ երկրների օրինակով և դրանք տեղափոխել շինություններից բավարար հեռավորության վրա` նվազագույնին հասցնելով որևէ դժբախտ պատահարի հետևանքով մի ամբողջ շենքի հօդս ցնդելու վտանգը: Առավել ևս, որ գտնվում ենք սեյսմիկ գոտում:

Ակնկալում ենք, որ Երևանի ապագա ավագանին անմիջական մասնակցություն կցուցաբերի այս խնդրի լուծմանը` առաջնորդվելով ժողովրդի գերակա շահով և օրինական պահանջով:

Անի Ստեփանյան




Լրահոս