ՀՅԴ-ն չի կարող այդքան նսեմանալ. Դաշնակցության թեկնածուն խորհրդարան չանցնելու և հետընտրական «ռազբորկաների» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Սյուզաննա Մարկարյանից հետաքրքրվել է իր խորհրդարան չանցնելու պատճառների և այլնի մասին:

-Տիկի′ն Մարկարյան, ապրիլի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով Դուք չանցաք խորհրդարան: Վերլուծե՞լ եք` ինչու չկարողացաք բավարար արդյունքի հասնել:

-Այո′, վերլուծել եմ։ Ցավոք, հանրությունը դեռ չի հավատում նոր գաղափարների կենսունակությանը, այն միջոցների գոյությանը, որոնք միտված կլինեն նրա բարօրությանը։ Գուցե, որոշակի հավատ կար նոր անհատների նկատմամբ, սակայն նոր գաղափարները, որոնք քիչ էին, բնականաբար, չառաջացրեցին այն մթնոլորտը, որը կարող էր հանգեցնել փոփոխությունների։

Փողի ու փոքր քանակի «կասկածելի գաղափարների» պայքարում նախապատվությունը տրվեց փողին, որովհետև գաղափարը դեռ չի ստեղծել ոչ մի այլ միջոց, որը քաղաքացուն կօգնի վաստակել։ Ստացվում է՝ բոլոր պայմաններն ապահովված են, որպեսզի ընտրակաշառք վերցնելը լինի միակ իրատեսական որոշումը։

-Կնշե՞ք, թե քարոզարշավի ընթացքում որքան գումար եք ծախսել և ինչպես եք այն հետ բերելու:

-Լուրջ գումարներ չեմ ծախսել, քանի որ դասական իմաստով քարոզարշավ չեմ անցկացրել։ Բոլոր ծախսերը կատարել է իմ կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, և իմ առջև դրանք վերադարձնելու խնդիր չի դրվել։ Կատարված աշխատանքների արդյունքում ես փորձ ձեռք բերեցի, որը, հաստատ, ավելին արժե, քան այդ գումարը։ Այն ամենը, ինչ հասկացա, անշուշտ, շատ օգտակար կլինի ապագայում, և ես կկարողանամ ավելին անել ինչպես իմ ժողովրդի, այնպես էլ կուսակցության ու նրա ծրագրերի իրականացման համար։ Եվ դա ոչ թե ծախս է, այլ երկարաժամկետ ներդրում։

-Տիկի′ն Մարկարյան, ընտրությունների ավարտից հետո հետընտրական «ռազբորկաներ» են սկսվել ձայների քանակը չապահովելու համար: Այս մասին ի՞նչ կասեք:

-Ես տեղյակ չեմ, թե ինչպիսի «ռազբորկաներ» են սկսվել։ Իմ կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, նման խնդիրներ չունի, քանի որ հենված է ազգային արժեքահամակարգի վրա և չի կարող այդքան նսեմանալ։ Իհարկե, բախումների, Ձեր նշած «ռազբորկաների» մասին ինչ-որ բան լսել եմ, բայց դրանք սոսկ լուրեր են և ոչ ավելին։ Նման դեպքերում ավելի արժանահավատ և կոնկրետ տեղեկություններ, փաստեր են պետք՝ կարծիք ձևավորելու համար։

Մի բան, սակայն, հաստատ է. եթե կան նման բախումներ, ուրեմն կան միայն մասնավոր շահեր, ինչն անընդունելի է։

-Սերժ Սարգսյանը ընտրություններից հետո հանդիպում է խորհրդարան չանցած թեկնածուների հետ` հուսադրելով նրանց: Հանդիպում Ձեզ հետ եղե՞լ է:

-Ոչ, նման հանդիպում չի եղել:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս