Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, իր սովորության համաձայն, հայտարարել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խիստ վերահսկողություն է սահմանել ձվի շուկայում:
Եւ չնայած սրան՝ այսօր շուկայում արդեն իսկ նկատվում է ձվի գնի բարձրացում:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի շուկայում շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի փոխարեն անցնում է ամենօրյա դիտանցումների: Հանձնաժողովի նպատակն է պահանաջարկի ավելացման ֆոնին կանխել հավկիթը թանկացնելու՝ տնտեսվարողների մտադրությունն ու գայթակղությունը:
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ ձվի շուկայում 18 տնտեսվարող է աշխատում, որից 4-ը՝ «Արաքս», «Արզնի», «Լուսակերտ» եւ «Աշտարակ Ձու» ընկերությունները, գերիշխող դիրք են զբաղեցնում: Նրանց բաժին է հասնում արդյունաբերական եղանակով արտադրած եւ վաճառած հավկիթի մոտ 86 տոկոսը: Տարվա ընթացքում յուրաքանչյուր օր Հայաստանում սպառվում է միջինը մոտ 790 հազար հատ հավկիթ: Իսկ ահա Ամանորին եւ Սուրբ Զատիկին հավկիթի սպառումն օրը մոտ 70 հազարով ավելանում է: Բացի այս՝ ՏՄՊՊՀ-ն հավաստիացնում է, որ այս տարվա ապրլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ձվի իրացման գները մարտ ամսվա նկատմամբ գրեթե չեն փոխվել: Ըստ հանձնաժողովի՝ մարտ ամսին ձվի միջին իրացման գինը կազմել է 59 դրամ, իսկ ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում՝ 59-60 դրամ:
Մինչդեռ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը այլ կարծիքի է: Նրա խոսքերով՝ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում արդեն իսկ արձանագրվում են մասսայական թանկացումներ: «Ժողովուրդ» օրաթերթը ձու արտադրող ընկերություններից տեղեկացավ, որ 01 կարգի հավկիթի բացթողման գինը կազմում է 55-56 դրամ: Այսինքն՝ տեղական արտադրողները հավկիթը խանութներին եւ սուպերմարկետներին մատակարարում են նշված գնով: Ի դեպ, փոքր թռչնաֆաբրիկաները բարձր ինքնարժեքի պատճառով ստիպված են լինում խանութներին եւ սուպերմարկետներին որպես բացթողման գին առաջարկել 58-59 դրամ: Բայց չնայած սրան՝ այսօր Երեւանի եւ ՀՀ մարզերի շատ խանութներում եւ սուպերմարկետներում հավկիթի գինը տատանվում է 65-75 դրամի սահմաններում:
Հիմնականում այն վաճառվում է 70-75 դրամով: Մատների վրա կարելի է հաշվել այն խանութները, որտեղ հավկիթը վաճառվում է 60-65 դրամով: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ի բոլոր ձու արտադրողները ցանկություն ունեն, ավելին՝ նրանք փորձել են ե՛ւ Ամանորին, ե՛ւ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ էժանացնել ձվի գինը, սակայն ապարդյուն: Քանի որ ձվի արտադրության մեջ կիրառվող հարակից այլ ապրանքատեսակներ միաժամանակ թանկացել են: «Ձու արտադրողի արտադրանքի ինքնարժեքի բաղադրամասը կազմում է ստվարաթղթե տուփը, որի մեջ դրվում է 12 փչակը, եթե դա թանկացվում է, ապա ձու արտադրողը պետք է ստիպված լինի բարձրացնել իր արտադրանքի գինը: Քանի որ նա խնդիր ունի իր մյուս ծախսերը ծածկելու: Մենք ձվի գին չենք բարձրացնում, բայց եթե նույն շուկայում մյուս խաղացողները (խոսքը ստվարաթղթե տուփի եւ բենզինի մասին է) գին են բարձրացնում, մենք ստիպված ենք լինում այդ քայլին գնալ: Դա շղթայական գործընթաց է: Եւ ամենակարեւորը, ձվի արտադրության եւ թռչնարտադրության ոլորտում ավելի շատ կիրառվող ապրանքատեսակը՝ բենզինը, թանկացել է»,- նկատեց թռչնաբույծը:
Եվ չնայած սրան՝ ձու արտադրողները այս անգամ, Սուրբ Զատկին ընդառաջ, խոստանում են, որ իրենց կողմից գների բարձրացում չի լինի: Այսինքն՝ բացթողման գինը չի բարձրանա արտադրողների կողմից: Մնում է հուսալ, որ մյուս տնտեսվարողները՝ խանութների, սուպերմարկետների տնօրենները, ձվի պահանջարկի ավելացումից չեն օգտվի եւ հավկիթի գները անհիմն չեն բարձրացնի:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ այս օրերին թռչնաբույծները մեծ քանակությամբ հավկիթ են կուտակում, որպեսզի Զատիկին մեր քաղաքացիները խնդիր չունենան: ՀՀ թռչնաբույծների միության նախագահը վստահեցրեց նաեւ, որ այդ օրերին Երեւանի առեւտրի կետերում ձվի արհեստական դեֆիցիտ չի լինի: «Մենք բավականին արտադրել ենք, ունենք պահեստավորված հավկիթ: Մարտի 25-ի դրությամբ մենք օրական արտադրել ենք 2300 արկղ ձու, իսկ ապրիլի 5-ից արտադրվում է 2500 արկղ: Արդեն երրորդ տարին է, ինչ ձվի առումով մեր հանրապետությունը ինքնաբավ է: Իսկ ձվի արտահանման մասով ավելորդ է խոսել, քանի որ այն երկիրը, որտեղ պետք է ձուն արտահանել, այնտեղ նույնպես ինքնաբավ են»,- ներկայացրեց Ստեփանյանը:
Թռչնաբույծների միության նախագահը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս տարեսկզբից մինչ օրս ոչ մի հատիկ հավկիթ ՀՀ չի ներկրվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ