Ինչպես հայտնի է` երեկ համացանցում էր հայտնվել մի ձայնագրություն, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կային, թե ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ) «աշխատել»:
Ժողովի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, ապա ակնարկում է, թե մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր մեծ գործ է: Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու հարակից ատրիբուտների մասով:
Տխուր ձայնագրություն է, որն արտացոլում է նախընտրական ու բուն ընտրական այն արատավոր մեխանիզմը, որի գործադրմամբ այս անգամ էլ կեղծվել են ընտրությունները:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ` հասկանալու համար` արդյոք սա հերթական ապացույցն է, որ խորհրդարանական ընտրությունները կեղծիքներով են անցել:
Շիրինյանը, նույն միտքն առաջ բերելով, նշեց. «Եթե Հայաստանը իրավական պետություն լիներ, ապա պետք է բացահայտ դատական գործընթաց սկսվեր, և արդար դատաստան տեղի ունենար»:
Նրա խոսքով` սա հերթական վերադասավորման կատաղի մրցակցության հարց է: «Ես այսպես եմ ենթադրում, արդարության հետ ոչ մի առնչություն չունի: Քանի որ փող ունի, չեն կարողացել ասել, որ թեկնածությունը չդնի, հիմա լռեցնում են: Իրար հոշոտելու համար են անում»,- ասաց նա:
Այն հարցին` հնարավո՞ր է դատախազության ուսումնասիրությունների ընթացքից հետո Սարգսյանը զրկվի մանդատից, քաղաքագետը կարծիք հայտնեց. «Տեսնում ենք` Ջրառատում մարդուն ատրճանակը գլխին դեմ էին առել, հետո ասեցին` բարիշել են: Եթե բարիշել են, քրեական գործ չի հարուցվում:
Հիմա մեկին փողոցում սպանել են, ցուցմունք չի կարող տալ, քրեական գործ չի հարուցվի: Եթե քրեական գործ բացեցին և դատեցին արդար և զրկեցին մանդատից, վստահ եղեք, որ իր կուսակիցներն են արել, չեն ուզում, որ պատգամավոր լինի: Արդարության հետ կապ չունի»: