
Ինչպես հայտնի է` երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը:
ArmLur.am-ն այս մասով մեկնաբանությունների համար դիմեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին: Ըստ նրա՝ լավ է, որ լուծվեց Հայաստանի ներկայացուցչի խնդիրն այդ կառույցում, քանի որ երկար ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները չէին կարողանում կողմնորոշվել, թե ինչ սկզբունքով պետք է նշանակվի կազմակերպության գլխավոր քարտուղարը:
«Մեկ տարի առաջ Հայաստանը եղել է ՀԱՊԿ նախագահող երկիր, և այդ ընդացքում մշակել է ՀԱՊԿ-ի անվտանգության քաղաքազարգացման ռազմավարություն: Կարծում եմ՝ լավ է, որ մեր ներկայացուցչը սկսի այդ ծրագրերն իրագործել, ինչը հնարավորություն կտա ՀԱՊԿ-ի ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրներին և նաև ավելի մեծ դերակատարում ունենալ ՀԱՊԿ-ում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Յուրի Խաչատուրովն ամենաքննարկվող թեկնածուներից մեկն էր, որը մեծ հեղինակություն է հետխորհրդային շրջանում զինվորական շրջանակների համար: Նա կարող է լինել ազդեցիկ գործիչ և որոշ չափով նպաստել, որպեսզի ՀԱՊԿ-ի քաղաքականությունն է′լ ավելի մեր շահերին համապատասխան լինի:
Լիդա Եղիազարյան