46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Աշտարակ քաղաքի բնակչի սպանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի  Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել Աշտարակ քաղաքի 46-ամյա բնակչին՝ նույն քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի սպանության համար:

2017թ. ապրիլի 10-ին ահազանգ էր ստացվել առ այն͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից հայտնաբերվել է քաղաքացի Հ.Մովսիսյանի դին՝ 17 հրազենային վնասվածքով։  Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 10 հատ պարկուճ͵ արնանման հետքեր։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Հ.Մովսիսյանի հետ͵ որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգն ու վագոն տնակում առկա մյուս ինքնաձիգը դրել է տուժողի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի սրահում և նշված ավտոմեքենայով  դիմել փախուստի՝ ուղևորվելով Աշտարակ քաղաքի հրապարակի ուղղությամբ,սակայն  ճանապարհին  վթարի է ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս