ԴԱՀԿ պետն ընդդեմ Միհրան Պողոսյանի. «մանր ձկները» հայտնվել են մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետերն ու աշխատակիցները մեկը մյուսի հետեւից հայտնվում են ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրոք ԴԱՀԿ տարբեր ստորաբաժանումներում աշխատած պաշտոնյաները հայտնվել են դատարանում, որոնք մեղադրվում են կեղծիք կատարելու, լիազորությունները անցնելու եւ պաշտոնեական անփութության մեջ:

Եվ այսպես՝ ապրիլի 18-ին, երբ «Օֆշորային» աղմկալի բացահայտումից հետո ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրարաժական տվեց, ԴԱՀԿ ծառայությունում մեծ իրարանցում սկսվեց:

Բանն այն է, որ Միհրան Պողոսյանի փոխարեն ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմեն Հարությունյանը, որից հետո ԴԱՀԿ աշխատակիցների գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել: Նախ նա սկսեց ազատվել Միհրան Պողոսյանի կադրերից, մասնավորապես 2016 թվականին պաշտոնից ազատվեցին գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը եւ այսպես շարունակ:

Սակայն ԴԱՀԿ նախկին պետի կադրերին միայն ազատելով չի բավարարվում ներկայիս պետը: Շատ աշխատակիցներ Արմեն Հարությունյանի թեթեւ ձեռքով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ամենատարբեր հանցանքների հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ֆելիքս Պողոսյանը, Էդվարդ Իսկանդարյանը, լինելով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողներ, քաղաքացի Կորյուն Բունիաթյանի մասով ապօրինի որոշում են կայացրել: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1 մասի հատկանիշներով` պաշտոնեական լիազորությունները անցնել, իսկ խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չհեռանալու մասին:

Պարզեցինք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաներ Գագիկ Հովհաննիսյանը, Վարդան Մելիքբեկյանը, Արամ Իսրայելյանը կեղծ տեղեկություններ են մտցրել ծառայողական համակարգ, եւ նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասով` պաշտոնեական կեղծիք կատարելը, եւ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երեւանի բաժնի վտարման եւ բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարողի, հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը եւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ Արտակ Մարտիրոսյանը: Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով:

Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրոք եղել են արտոնյալներ, եւ նրա՝ պաշտոնից ազատումից հետո շատ աշխատակիցներ մեկը մյուսի հետեւից հայտնվում են ամբաստանյալի աթոռին:

Իսկ ընդհանուր հաշվով, պետք է նկատենք, որ ԴԱՀԿ համակարգում դարձյալ «մանր ձկները» հայտնվել են մեղադրյալի աթոռին, իսկ «խոշոր ձկները»՝ ի դեմս ԴԱՀԿ նախկին պետի, որը ըստ էության կոծկել էր իր աշխատողների գործողությունները, ոչ միայն անպատիժ են մնացել, այլեւ Միհրան Պողոսյանը պատգամավոր է ընտրվել:

Հ. Գ. Հետաքրքիր է, թե Արմեն Հարությունյանի պաշտոնանկությունից հետո համակարգում քանի մարդ կդատապարտվի եւ ինչ արարքների համար:

Քնար Մանուկյան




Լրահոս