Տավուշի մարզից ահազանգում են. ապրիլյան պատերազմի մասնակիցներն օգտվում են ուսման վարձի միայն 30 տոկոս զեղչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի օրաթերթին են դիմել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, որոնց  որդիները հեռակա կարգով սովորում են Հայաստանի պետական բուհերում: Նրանք  դժգոհում են, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի մասնակից իրենց որդիները օգտվում են ուսման վարձի միայն 30 տոկոս զեղչից:

Այդ զեղչը սահմանված է բոլոր այն ուսանողների համար, ովքեր զինվորական ծառայությունն անցկացրել են մարտական պայմաններում, առաջնագծում: 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար հավելյալ 20 տոկոս զեղչը (առկա համակարգով սովորողների համար ուսման վճարի ընդհանուր զեղչը՝ 50 տոկոս)  տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  միջոցով:

Ծնողները դժգոհում են, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց զավակները, առկա համակարգով սովորող ուսանողների հետ, գտնվել են վտանգի մեջ, սակայն առկա եւ հեռակա սովորող ուսանողների միջեւ խտրականություն է դրվում: Ի տարբերություն առկա համակարգով ուսանողների՝ հեռակա սովորողներին ուսման վճարի լրացուցիչ 20 տոկոս զեղչ  չի տրամադրվում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս