Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին գործազուրկների թիվը, 2015 թվականի համեմատ, նվազել է 9.1 տոկոսով: Ընդ որում, ուշագրավ է, որ կին գործազուրկների թիվը նվազել է 16.2 տոկոսով, իսկ տղամարդ գործազուրկներինը՝ 1.8 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի՝ գործազուրկ տղամարդկանց թիվը 2016 թվականի ընթացքում կազմել է 118 հազար 200, իսկ կին գործազուրկներինը՝ 103 հազար 300: Նշենք, որ ընդհանուր գործազուրկների թիվը 2016 թվականին Հայաստանում կազմել է 221 հազար 500, որը 2015 թվականի համեմատ նվազել է: Սակայն հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն գործազուրկների թվից բացի՝ նվազել է նաեւ զբաղվածների, տնտեսապես ակտիվ եւ ոչ ակտիվ բնակչության թվաքանակը:

Այսպես՝ պաշտոնապես նվազել է նաեւ զբաղվածների թիվը՝ 6.2 տոկոսով: Օրինակ՝ 2016 թվականին, 2015-ի համեմատ, զբաղվածների թիվը 6.2 տոկոսով նվազել է: Նշված ժամանակահատվածում ՀՀ-ում կին զբաղվածների թիվը կազմել է 478 հազար, իսկ զբաղված տղամարդկանց թիվը՝ 528 հազար 200: Այսինքն՝ ընդհանուր զբաղվածների թիվը կազմել է 1 մլն 6 հազար 200:

Նույն իրավիճակն է նաեւ տնտեսապես ակտիվ բնակչության դեպքում. այս պարագայում արձանագրվել է 6.7 տոկոսի նվազում: Նշենք, որ տնտեսապես ակտիվ բնակչությունը զբաղված եւ գործազուրկ բնակչության հանրագումարն է, որը հետազոտվող ժամանակաշրջանում ապահովում է աշխատուժի առաջարկը ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման համար: Անցած տարվա ընթացքում Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց թիվը կազմել է 581 հազար 300, իսկ տղամարդկանցը՝ 646 հազար 300: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանում տնտեսապես ակտիվ մարդկանց թիվը կազմել է 1 մլն 227 հազար 600 մարդ: Իսկ տնտեսապես ոչ ակտիվ քաղաքացիների թիվը անցած տարվա ընթացքում կազմել է 783 հազար 800, որից 524 հազար 900-ը կին է, 258 հազար 900-ը՝ տղամարդ: Հավելենք, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մեջ ներառվում են աշխատունակ տարիքի անձինք, ովքեր հետազոտվող ժամանակաշրջանում չեն աշխատել եւ աշխատանք չեն փնտրել, այսինքն` չեն եղել զբաղված կամ գործազուրկ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նվազել են նաեւ աշխատանքային ռեսուրսները՝ 4.5 տոկոսով: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանում ընդհանուր աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 11 հազար 400, որում, ի դեպ, մեծ թիվ են կազմել կանանց տվյալները: Այսպես՝ անցած տարվա ընթացքում կանացի աշխատանքային ռեսուրսը կազմել է 1 մլն 106 հազար 200, տղամարդկանցը՝ 905 հազար 200:

Հայաստանում գործազուրկների եւ զբաղվածների դեպքում արձանագրված տվյալները մասնագետները պայմանավորում են մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Այդ մասին են խոսում նաեւ պաշտոնական տվյալները: Ըստ այդմ, տեղեկացնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ: Մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում էր 2 մլն 993 հազար 900 մարդ:

Իսկ ինչու է բնակչության թվաքանակը տարեցտարի նվազում: Բնականաբար, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, որը ենթադրում է նաեւ ծնելիության նվազում: Հայաստանում մարդիկ չեն ցանկանում բազմազավակ ընտանիք ունենալ, որովհետեւ այդ ընտանիքի բարեկեցության ապահովման խնդիր ունեն: Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս