Չնայած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ստացել, սակայն մտադիր է ՀՅԴ-ի հետ կրկին շարունակել կոալիցիոն համագործակցությունը. այս օրերին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են այդ ուղղությամբ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, օրերս խոսելով ՀՀԿ-ի հետ իրենց հնարավոր համագործակցության մասին, ասել էր. «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետեւ, ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէր որեւէ ձեւաչափով, այլ խնդիրների լուծմամբ, իսկ այն հարցերը, որ համագործակցության մեջ արձանագրված են, դրանց զգալի մասը լուծված չեն»:
Եւ, ահա, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է անդրադարձել ապագա կոալիցիայի թեմային. «Այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ։ Այո՛, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք Ձեզ։ Բայց քանի որ դրանք քննարկումների փուլում են եւ չեն ավարտվել, ճիշտ չի լինի, որ առանց քննարկումներն ավարտելու՝ մենք քննարկենք ապագա կառավարության հարցը»,- ասել է նա։
Որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն եւ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է համաձայնելու, պարզ էր ի սկզբանե: Խորհրդարանական մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Ելք» դաշինքը, ի սկզբանե բացառել էին որեւէ ձեւաչափով իշխող ՀՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարները:
շԱյս իրավիճակում բնականաբար հետաքրքիր է՝ ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններում կոնկրետ ի՞նչ թեմա է քննարկվում. արդյո՞ք ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ից եւս մեկ-երկու նախարարական պորտֆել կամ մարզպետի պաշտոն պոկել, թե՞ այլ պայմաններ է առաջադրել: Առավել եւս, երբ նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրում, որին Արմեն Ռուստամյանը հղում է անում համագործակցության շարունակման մասին խոսելիս, հստակ սահմանված չէ՝ ո՞ր քաղաքական ուժին քանի պորտֆել է տրվելու, այլ միայն նշված են համագործակցության սկզբունքները, իշխանության համար ամբողջական պատասխանատվություն ստանձնելու դրույթը եւ այլն:
Այս օրերին ո՛չ ՀՀԿ-ականները, ո՛չ ՀՅԴ-ականներն այդպես էլ չեն մանրամասնում, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են իրենց բանակցությունները: Սա արդեն հետաքրքիր է: Հետաքրքիր է թեկուզ եւ այն պատճառով, որ նախորդ տարվա փետրվարից հետո, երբ ստորագրեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիրը, իշխանության մեջ ուժերի հարաբերակցության առումով շատ բան չի փոխվել. այն ժամանակ էլ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ուներ ԱԺ-ում, նաեւ հիմա է կայուն մեծամասնության տեր: Եւ այս իրավիճակում ԱԺ-ում ՀՅԴ ունեցած 7 մանդատները (նախկին 5-ի փոխարեն) առանձնապես մեծ ազդեցություն չեն կարող ունենալ. ՀՀԿ-ն, միեւնույն է, կարող է միանձնյա որոշումներ կայացնել: Իսկ եթե նրան հարկավոր լինի սահմանադրական օրենքներ ընդունել կամ այդ օրենքներում փոփոխություններ կատարել ԱԺ պատգամավորների թվի 2/3-րդով (ինչպես պահանջում է ներկա Սահմանադրությունը), ապա անգամ ՀՅԴ-ի 7 մանդատները բավարար չեն, եւ իշխանությունները, միեւնույն է, ստիպված են լինելու դիմել մյուս երկու խմբակցությունների օգնությանը:
Մինչ այդ, նկատենք, որ ապագա իշխանության կառուցվածքի վերաբերյալ անորոշություն է տիրում ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ՀՅԴ-ում. առավելագույնը 4-5 հոգի գիտի Սերժ Սարգսյանի մտադրությունների մասին, բայց նրանք էլ պարզապես քար լռություն են պահպանում: Սերժ Սարգսյանը, իր սովորությանը համաձայն, այդպես էլ չի շտապում կուսակցական թեկուզ եւ մի փոքր ավելի լայն շրջանակների հետ «կիսվել» իր մտադրություններով: Նա միայն այս օրերին ընդունելությունների շարք է սկսել. իր մոտ հրավիրելով թիմակիցներին՝ խոսում է վերջիններիս այս կամ այն պաշտոնում տեսնելու հնարավորության մասին, ու վերջ:
Հայտնի է միայն այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակելու է իր պաշտոնավարումը, գոնե մինչեւ հաջորդ տարվա ապրիլ: Իսկ թե ո՞վ է լինելու խորհրդարանի նախագահը, ովքեր՝ փոխնախագահներ, ովքեր՝ նախարարներ, եւ այլն, հստակ չէ: «Հաշվի առնելով, որ այդ քննարկումները դեռեւս չեն ավարտվել, ճիշտ չի լինի, որպեսզի մենք քննարկենք ապագա կառավարությունում նախարարական պորտֆելների, պատասխանատուների կամ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հարցը: Իսկ ապագա վարչապետի մասին խոսք չկա, մեր վարչապետը մնում է Կարեն Կարապետյանը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է Շարմազանովը:
Ու քանի որ ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկվելու պատճառով հետաձգվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, հետեւաբար հետաձգվում է կառավարության հրաժարականն ու նոր կառավարության կազմավորումը, մնում է սպասել՝ տեսնելու, թե ինչ տեսք կունենա նոր իշխանությունը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ