«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները: ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ըստ նույն աղբյուրների, կդառնա Հրայր Թովմասյանը:
Ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի համար տրվում են Գեւորգ Կոստանյանի, Ֆելիքս Ցոլակյանի անունները, իսկ արտաքին կապերի հանձնաժողովը, որին կմիանա նաեւ եվրաինտեգրման հանձնաժողովը, կտրամադրվի Սամվել Ֆարմանյանին:
Ի դեպ, սիմվոլիկ օր` ապրիլի 24-ին է մեկնարկելու ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին վերջին անգամ կմասնակցի ԱԺ պատվիրակությունը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ից ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգ չեն մեկնի։
«Շատ խառն ենք»,- ասացին, բայց ինչով` չբացատրեցին: Իսկ նստաշրջանը տեսարժան է լինելու, մանավանդ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասով, որի դեմ ոչ միայն կոռուպցիոն մեղադրանքներ կան, այլեւ ԵԺԿ ֆրակցիայի նախագահ Աքսել Ֆիշերի հարուցած գործընթացը՝ Ագրամունտի` Սիրիա մեկնելու եւ ՌԴ ԱԳՆ աշխատակցի կողքին հայտնվելու առիթով: Այցն իրականացվել է առանց ԵԽԽՎ լիազորության, եւ Ֆիշերն առաջարկում է դատապարտել դա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: