Դեռեւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած պատգամավորների եւ 2018 թվականից հետո վարչապետի հավանական թեկնածուների մասին:
-Պարո՛ն Աղաբաբյան, ՀՀԿ-ն կարծես թե ուզում է երիտասարդացնել իր թիմը ԱԺ-ում, երիտասարդները կարո՞ղ են ավագներին փոխարինել, ունե՞ն այդքան ներուժ:
-Ես գոհ եմ այն փաստից, որ ժամանակին ես ասացի, որ ՀՀԿ-ում հարկավոր է ավագների խորհուրդ ստեղծել, եւ այն ստեղծվել է: ՀՀ-ում կա հանրային խորհուրդ, ՀՀԿ-ի մեջ էլ պետք է լինի նման խորհուրդ, բայց ոչ հանրային, այլ ավագների, կուսակցական, քաղաքական փորձ ունեցողների: Դա նշանակում է, որ կուսակցությունն ունի քաղաքական, գաղափարախոսական մեծ փորձ, ունի ազգի կրթության, ազգորոշ գաղափարախոսության փորձ, որն այսօր հայկական հեռուստատեսության մեջ չկա, ավագների խորհուրդը Ձեր թվարկած ջահել պատգամավորների համար կդառնա խորհրդական, եւ մեր ջահելները կյանքում չեն սխալվի:
-Իսկ ի՞նչ կարծիքի եք Ձեր մարզից՝ Շիրակից ընտրված պատգամավորների մասին, ոչ միայն Ձեր կուսակցության, այլեւ ընդդիմադիր: Օրինակ՝ պատգամավոր ընտրվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
-Դու հիմա կրակ ես վառում, որ ես վրան բենզին լցնե՞մ: Վարդան Ղուկասյան ես ասում, լսի, կարեւոր չի, ով անցավ, ոնց անցավ, կարեւորը հետո, թե իրենք հայրենանվեր, ազգային ճանապարհ են անցելու, թե իրանց բնավորության համեմատ կփորձեն իրենց դրսեւորեն: Չերչիլն ասում էր՝ յուրաքանչյուր կրիզիսը նոր բիզնես է ստեղծում, թող նոր պառլամենտը նոր ազգային օրենքներ բերի, որ մեր ազգը ապրի: Մի հասարակ բան ասեմ, ասում ենք՝ էս մինիստրը վատն է, մինիստրը վատը չէ, օրենքն է վատը, որով ինքն աշխատում է: Վատ մարդ չկա ազգի մեջ, վատ մարդիկ նրանք են, ովքեր եվրոպական, ամերիկյան օրենքներ են բերում Հայաստան, որը մեր օրենտացիան չի, մեր ազգայինը չի, թող ազգային օրենքներ լինեն, վատ նախարար, վատ վարչապետ չենք ունենա: Օրենքներն են վատը, դրա համար մեր նախարարները վատն են, մեր ղեկավարությունը վատն է, բյուջեն լցնելու համար պետք չէ վաղվա տնտեսությունը քանդել, որը արել են մինչեւ այսօր:
-Ակտիվորեն քննարկվում է, թե ով կլինի վարչապետը 2018-ից հետո, նշվում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի անունները…
-Ես Կարեն Կարապետյանին վստահում եմ, ես չեմ ասում, թե ում չեմ վստահում, բայց Կարեն Կարապետյանին վստահում եմ:
-Այսինքն՝ կցանկանա՞ք, որ նա լինի 2018-ից հետո:
-Ես կուզենայի՝ այսօրվանից մինչեւ վերջ ինքը մնար, որովհետեւ ինքը խելացի, ազգային, իր ժողովրդին որպես իր ընտանիք նայող է, կուզենայի ինքը լինի, քանի ապրումա:
Վահագն Հակոբյան