Ընտրախախտումներն այն աստիճան մեծ չէին, որպեսզի հատուկ զեկույցի առարկա դառնային. Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջա լրագրողների հետ հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի հետ կատարվածին, երբ արձանագրվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում բավարար ազդեցություն ունենալ պետական մարմինների, իշխանության վրա, ասաց. «Կարող է այդպիսի հանրային տպավորություն ստեղծվել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր աշխատանքով զգալիորեն նպաստել ենք առողջական վիճակի եւ ընդհանրապես իրավունքի պահպանման երաշխավորմանը՝ անընդհատ, ամենօրյա այցերով: «Ժողովուրդ»-ի մտահոգությանը, որ Արթուր Սարգսյանի ճանապարհով է գնում նաեւ 2015թ. Նորք-Մարաշի հանցավոր խմբավորման գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, եւ հարցին, թե ինչ է անում պաշտպանն այս ուղղությամբ, ՄԻՊ-ն ասաց. «Նա որոշ դեղեր է սկսել ստանալ, հիմա դատապարտյալների հիվանդանոցում է»:

Մեր դիտարկմանը, որ դատապարտյալների հիվանդանոցի պայմանները բոլորին են հայտնի, եւ Շիրխանյանը պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի, Արման Թաթոյանը արձագանքեց. «Ես էլ եմ այդպես կարծում: Նա որոշակի գոհունակություն է հայտնել դատապարտյալների հիվանդանոցի պայմանների առնչությամբ, բայց մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները»:

«Ժողովուրդ»-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցեց նաեւ ՄԻՊ 2016 թվականի տարեկան զեկույցի որոշ հարցերի շուրջ:

-Պարո՛ն Թաթոյան, 2016 թվականի զեկույցում անդրադարձել էիք 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, երբ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեց 10 հոգի:

Բայց այստեղ էլ ընդամենը կրկնվել են նախորդ զեկույցներում նշված մտքերը, թե չնայած ՀՔԾ-ի կողմից արված քննչական գործողություններին՝ չի ապահովվել քննարկվող քրեական գործերի վերաբերյալ հանրային իրազեկվածության պատշաճ մակարդակ, եւ որ քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումը կարող է հանգեցնել մահացած անձանց իրավահաջորդների իրավունքների խախտմանը: Ըստ էության արտատպել եք նախորդ պաշտպանների գնահատականները:

-Չի արտատպվել, ես նաեւ նշել եմ, թե այնտեղ ինչ գործողություններ են կատարվել, ինչը պարտավոր էին անել, բայց դրանով հանդերձ ամեն դեպքում նշել եմ, որ դա բավարար չէ:

-Իսկ փորձե՞լ եք տեղեկանալ, թե այս գործով ինչ նորություններ կան:

-Տեսեք, քննություն է ընթանում, նախաքննությունը գաղտնիություն ունի, եւ մենք գաղտնիության հետ կապված սահմնափակված ենք այդ պահանջով: Բայց այդ հարցում կարեւոր է այն, որ ընդհանուր տեղեկություններ ենք պահանջել, ո՛չ տեսել ենք բավարար հրապարակայնություն, ո՛չ էլ էական առաջընթաց: Իսկ թե քննչական տակտիկայի ընթացքում ինչեր են պլանավորել եւ այլն, դա մարդու իրավունքների պաշտպանի միջամտության առարկա չէ, ցավոք սրտի:

-Անցել է 9 տարի, 10 զոհերի հարազատները իրենց սպանված զավակների ոտնահարված իրավունքների հետ կապված դեռեւս որեւէ քայլ չեն տեսնում, արդյո՞ք սա չի խոսում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի չգործելու մասին:

-Իմ դերը դա է, ես այստեղ այլ բան չեմ կարող անել, իմ կարգավիճակից բխող հարցը դա է:

-Զեկույցում անդրադարձել եք նաեւ բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդրին՝ այն դիտելով կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում:

Սակայն ՄԻՊ զեկույցից այդպես էլ չի երեւում, թե բուհերի ուսխորհուրդներն ի՞նչ քաղաքական ուղղվածություն ունեն, ո՞ր կուսակցություններն են իրենց քաղաքական հայացքները թելադրում: Ինչո՞ւ կոնկրետ անուններ չեք տալիս:

-Որովհետեւ մեզ եկող տեղեկություներն էլ են ընդհանուր, դրա համար չկա, նախորդներում էլ չկա, եթե ուշադիր եք նայել:

-Բայց բոլորին էլ հայտնի է, որ բուհերի ուսխորհուրդները հանրապետականացված են: Վախենո՞ւմ եք նշել, թե՞ այլ խնդիր կա:

-Ո՛չ, ես չունեմ այդ տեղեկությունը, ոչ թե ասում եմ՝ չի համապատասխանում, այլ չեմ կարող պնդել, թե կոնկրետ ով է դա անում: Եթե տեսել եք՝ բոլոր մարդու իրավունքների պաշտպաններն էլ նույն սկզբունքով են, քանի որ դա իրենց կարգավիճակն է :

-Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո բարձրաձայնվեց ընտրակաշառքի, քվեարկության գաղտնիության խախտման դրսեւորումների մասին: Արդյո՞ք ընտրությունների մասով զեկույց կհրապարակվի:

-Այս պահին ես չեմ տեսնում առանձին անհրաժեշտություն` հատուկ զեկույց հրապարակելու, որովհետեւ դրանք /ընտրախախտումները/ այն աստիճան մեծ չէին, որպեսզի հատուկ զեկույցի առարկա դառնային, կարծում եմ՝ տարեկան զեկույցով կլինեն, եթե, իհարկե, բացառիկ իրադարձություններ չլինեն:

Քնար Մանուկյան




Լրահոս