Էժան սերմացուի փոխարեն նախընտրում են թանկը. պետության հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 11-ին անակնկալ այցելել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Այցի ընթացքում վարչապետը ուշագրավ հայտարարություն էր արել հացահատիկի եւ գարու սերմացուների ձեռք բերման հետ կապված:

Վարչապետի ԳՆ այցելության ժամանակ նախ անդրադարձ էր կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Վարչապետին զեկուցվել էր, որ սերմերի ներկրման եւ մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Նշվել էր նաեւ, որ դրանց մի մասը ձեռք է բերվել Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը զգալիորեն մատչելի է դրսից ներմուծվողից: Դա ավելի էր կարեւորվել վարչապետի կողմից, եւ վերջինս հանձնարարել էր կարճ ժամանակահատվածում իրեն ներկայացնել Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացման ու գործունեության ընդլայնման վերաբերյալ համապատասխան ծրագիր:

«Ինչո՞ւ առ այսօր հաշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում, եւ դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է ե՛ւ սերմերի արտադրությամբ, ե՛ւ վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դաձավ, որ վարչապետի այս հայտարարությունը Գյումրիի սելեկցիոն կայանի աշխատակիցների մոտ մեծ հույսեր է արթնացրել: Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ վարչապետը միակ պաշտոնյան է, ով, ի վերջո, խոսել է այս հարցի մասին, ինչը տարիներ շարունակ կայանի աշխատակիցները չեն բարձրաձայնել:

«Ի վերջո, եկավ մի մարդ, ով ճիշտ գնահատեց իրավիճակը, քանի որ լիարժեք մաքուր, զտարյուն եւ որակով սերմացու կարող է միայն գյուղացուն տալ Գյումրիի սելեկցիոն կայանը: Ամենակարեւորը՝ էժան գնով: Գյումրիի սելեկցիոն կայանից հնարավոր է սերմացուն ձեռք բերել 170-180 դրամով: Մինչդեռ նախընտրում են այն ձեռք բերել Ռուսաստանից կրկնակի թանկ գնով՝ 290-300 դրամով: Սա որքանո՞վ է ճիշտ»,- ներկայացրեց Կարախանյանը:

Սելեկցիոն կայանի տնօրենից տեղեկացանք նաեւ, որ հացահատիկի սերմը իրենք առաջարկում են 180 դրամով, իսկ գարունը՝ 170 դրամով: «Եթե տեղյակ եք, վարչապետը նախարարությունում զարմացած հետաքրքրվեց, թե ինչու է հացահատիկի եւ գարու սերմացուները թանկ գնով ներկրվում: Վարչապետի այդ հայտարարությունը հստակ էր, դա մեզ համար գնահատելի էր: Մենք առաջին անգամ ուրիշի շուրթերից լսեցինք այն մտահոգությունը, որը մեզ այդքան անհանգստացրել է»,- նկատեց Կարախանյանը:

Նա հավաստիացրեց, որ սելեկցիոն կայանի առաջարկած սերմացուն որակապես չի զիջում ՌԴ-ից ներկրվածին. «Ո՛չ որակական ցուցանիշով, ո՛չ վերարտադրությամբ եւ ո՛չ էլ իր արդյունաբերությամբ: Յուրաքանչյուրն էլ կարող է գալ, սերմացու տանել: Ազատ շուկայական հարաբերություններ են, առաջարկ-պահանջարկ կա: Բնական է, բիզնես է: Եթե կա մրցակցություն, ապա պետք է համեմատական տրվի»:
Կարախանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց նաեւ, որ վարչապետի ԳՆ-ում արած հայտարարությունից հետո դեռ որեւէ արձագանք ինքը չի ստացել: «Մենք հանձնարարություն չենք ստացել, որ հասկանանք՝ ինչ անենք: Առայժմ ոչ մի նորություն չկա: Բայց մենք վայրկյան առ վայրկյան սպասում ենք այդ գործընթացին, որովհետեւ մենք հուսով ենք, որ դա կիրականացվի»,- ասաց Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենը:

«Ժողովուրդ»-ը ԳՆ-ից տեղեկացավ, որ այս տարի գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից: Նշենք, որ քանակը ձեւավորվել է մարզերի կողմից ներկայացված պահանջարկի համաձայն:
ԳՆ-ից հայտնեցին նաեւ, որ ձեռք է բերվել 4 մլրդ 621 մլն 36 հազար 750 դրամի պարարատանյութ, որից 673 մլն 295 հազար 750 դրամը կազմում է սուբսիդիան: Իսկ գարնանացան ցորենի եւ գարու սերմացուն ՌԴ-ից ձեռք է բերվել 290 դրամով: Գարին գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է 130, գարնանացան ցորենը՝ 150 դրամով: Մինչդեռ անհրաժեշտ քանակությունը Գյումրիի սելեկցիոն կայանից ձեռք բերելու դեպքում նախ սերմացուն գյուղացուն կհասնի ավելի մաչելի գնով, ապա կառավարությունը միլիոններ կտնտեսի:

Դիզվառելիքի համար նախատեսված է 275 մլն դրամի չափով սուբսիդիա, ձեռքբերում դեռեւս չի իրականացվել: Ի դեպ, միայն խորհրդատվության համար ԳՆ-ն հատկացրել է 360 մլն 361 հազար 500 դրամ:

Իսկ դիզվառելիքն ու պարարտանյութը նախատեսված են ամբողջ տարվա, սերմացուն՝ գարնանացանի համար: Այս ամենի արդյունքում միթե գյուղերի բնակիչները պիտի համոզված պնդեն, թե իրենք էլ ունեն իշխանություն եւ պետություն: Չէ որ որեւէ ոլորտում, որեւէ հոգս թոթափելու խնդրում գյուղացիները չեն զգում պետության զորակցությունն ու հովանավորությունը: Միայն ու միայն մի բանում է զգացվում պետության գոյությունը. հարկերը հավաքելու ժամանակ: Եւ որքան էլ կառավարությունը պնդի, թե սուբսիդավորելով նվազեցնում է գյուղացու հոգսը, այն ամենեւին էլ այդպես չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս