Ընդդիմություն խորհրդարանում չկա: Առաջին հերթին պետք է քաղաքական ուժերը հավաքվեն, քննարկում լինի, եւ յուրաքանչյուրն անկեղծ ասի` ինչ արեց, ինչ չարեց: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Օրինակ՝ ՀԱԿ-ը պետք է կանգնի եւ ասի, որ ծափահարում էր ընտրական օրենսգրքի հետ կապված, պետք է ներողություն խնդրի: Այդ քննարկումը պետք է լինի, քանի որ ընդդիմության կենտրոնը գտնվում է ԱԺ-ից դուրս: Այն, որ իշխանությունն ու Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականն անհանգիստ են եւ վատ են քնելու, մենք տեսնելու ենք, եւ ակնհայտ է», – նշեց նա:
Հարությունյանի խոսքով, Սերժ Սարգսյանը վախենում է այն ուժերից, որոնք չեն ծախվում, չեն խաղում իր խաղը: «Պետք է քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն եւ քաղաքական հարթակը զբաղեցնեն. չի կարելի Ազատության հրապարակը դատարկ թողնել: Այսօր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղությունից մնացել են աղավնիները, որոնք կուտ են ուտում, եւ պարզ չի, թե ում տված կուտը, քաղաքական ուժերը պետք է գան Ազատության հրապարակ եւ տեր կանգնեն ժողովրդին», – հավելեց նա:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: