«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը երեկ դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: Որպես ընտրություններն անվավեր հայտարարելու հիմնավորում դաշինքի իրավաբանները ներկայացրել են ազատ կամարտահայտության սահմանափակումները, քվեարկության գաղտնիության խախտումները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը եւ այլն: Իսկ որ նման երեւույթներն ԱԺ այս ընտրություններում համատարած էին, հայտնի է ամենքին. բավական է միայն նշել, որ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերի թվում էին այնպիսիք, որոնք հարցվել էին քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բացի այդ՝ այս դեպքերին նաեւ ընտրակաշառքի բաժանմանն իրենց զեկույցներում ու հայտարարություններում անդրադարձել են միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դեսպանատները:
Չնայած պետք է նաեւ արձանագրենք, որ ՀՀ ՍԴ-ի համար վաղուց ի վեր կարեւոր չեն, թե ընտրությունների արդյունքները բողոքարկելիս ի՞նչ փաստեր են ներկայացվում: ՍԴ-ն, միեւնույն է, մերժելու է նաեւ այս դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալներից, ինչպես մերժել է նախորդները: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը վաղուց ի վեր դարձել է օրվա իշխանության սպասարկուն եւ կեղծված ընտրությունները «վավերացնողը». Գագիկ Հարությունյանն այդպես է վարվել ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ հիմա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: