Կեղծ կտրոններն ու պետության վնասները. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքնությունները մեկը մյուսի հետեւից մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ տրանսպորտային կեղծ կտրոնները պատրաստելու գործով պետությանը հասցվել է շուրջ 20 միլիոն դրամի վնաս:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 4 անձի էր կալանավորել` Արտյոմ Օրդուխանյանին, Դավիթ Մնացականյանին, Սարգիս Հակոբյանին եւ Սամվել Բարխոյանին: Ի դեպ, նշենք, որ Սամվել Բարխոյանը հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրն է: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տրանսպորտային կեղծ կտրոնները վաճառելու գործով մեղադրյալների թիվը ավելացել է եւս երկու անձով:

Պարզեցինք, որ Արտյոմ Գալստյանը, ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում, 2015թ. սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պայմանավորվել է քաղաքացի Հրաչ Մանգասարյանի հետ, որպեսզի տպագրի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձեւաթղթեր: Գալստյանը 1200 կեղծ կտրոններից յուրաքանչյուրի համար ստացել է 1000 դրամ: Այնուհետեւ, կտրոնները տպելուց հետո, Գալստյանը սկսել է տարբեր մարզեր տանել եւ վարորդներին վաճառել, ինչի արդյունքում պետությանը հասցրել է 10 միլիոն 650 հազար դրամի վնաս:

Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակիցները եւս ներգրավված են եղել կեղծ կտրոնները իրացնելու գործընթացում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանը, եղել է «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից եւ կեղծ կտրոնները վաճառելով՝ պետությանը հասցրել է 7 միլիոն դրամի վնաս:

Սյսքանով ՍՊԸ-ների աշխատակիցների մասնակցությունը կեղծ կտրոններ վաճառելու գործընթացին չի ավարտվում: Մեզ հայտնի դարձավ, որ «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից Սարգիս Հակոբյանը եւս կեղծ կտրոնների վաճառքով է զբաղվել, ինչի հետեւանքով պետությանը հասցրել է 612 հազար 375 դրամի վնաս:

Մեղադրյալների թիվը այսքանով չի ավարտվում, տրանսպորտային կեղծ կտրոններ են իրացրել նաեւ քաղաքացի Դավիթ Մնացականյանը, որը վաճառված կեղծ կտրոններից ստացել է 612 հազար 375 դրամ, քաղաքացի Արտյոմ եւ Արմեն Օրդուխյաններն էլ իրենց կողմից վաճառված կեղծ կտրոններից ստացել են 1 միլիոն 775 հազար դրամ:

Հաշվի առնելով, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար է ստացել՝ տրանսպորտային կեղծ կտրոններ իրացնելով, պարզ է դառնում, որ պետությանը ընդհանուր հասցվել է 20 միլիոն 96 հազար 500 դրամի վնաս:

Ինչեւէ, այս արարքի համար Արտյոմ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասով (իրավունք վերապահող կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը), 38-րդ հոդվածի (կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը), 178-րդ հոդվածի 3րդ մասի առաջին կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):

Սամվել Բարխոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածի (հանցափորձ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), 38-րդ հոդվածի (կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):

Դավիթ Մնացականյանը եւ այս գործով անցնող Սարգիս Հակոբյանը, Արտյոմ եւ Արմեն Օրդուխյանները եւս մեղադրվում են խարդախության, գույքային վնաս պատճառելու մեջ: Ի դեպ, նկատենք, որ այս գործով 6 մեղադրյալներից 3-ը կալանավորված են, իսկ ահա մյուսների մասով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մնասին: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ այն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Նշենք, որ վարորդները սովորաբար տեխզննման կտրոնները ձեռք են բերում բանկերից, եւ այս իրավիճակում ակնհայտ է, որ վերոնշյալ անձինք ոչ միայն անօրինական ճանապարհով գումար են աշխատել՝ տարբեր քաղաքացիներին վաճառելով կեղծ տեխզննման կտրոններ, այլ նաեւ վնաս են հասցրել պետությանը, քանի որ պետության կողմից վաճառքի հանված օրինական կտրոնները չեն իրացվել:
Հավելենք, որ սա միակ գործը չէր, որ 2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր. եւս մեկ նմանօրինակ գործով 9 անձ հայտնվել է ամբաստանյալի աթոռին, եւ նրանց մասով քննությունը դատարանում դեռեւս ընթանում է:

Քնար Մանուկյան




Լրահոս